ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սեուլում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ունեցած հանդիպմանը քննարկել է Ուկրաինայի ընդդիմության հետ առնչվող հարցեր: Այս մասին հաղորդում է ԱՄՆ վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Նախագահները հանդիպել էին երեքշաբթի Սեուլի միջուկային անվտանգության շուրջ գագաթնաժողովի շրջանակներում:
«Նախագահը (Օբաման) ԱՄՆ-ի անհանգստությունն է հայտնել՝ կապված քաղաքական ընդդիմության հետապնդումնների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է RIA Novosti-ն:
ԱՄՆ նախագահի խոսքերով՝ Ուկրաինայում ժողովրդավարության կենսունակությունը կարող է արտահայտվել ազատ, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններով, որոնք Ուկրաինայում նախատեսվում են հոկտեմբերի 28-ին:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Kommersant Ukraina-ն գրում էր, թե ԱՄՆ նախագահը Յանուկովիչին ընդամենը 4 րոպե է հատկացրել, և նրանց հանդիպումն ավելի շուտ նմանվել է պատահաբար հանդիպած երկու ծանոթների ձեռքսեղմման:









































