Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Իրան այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամեդ Ռըզա Ռահիմիի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը: Էրդողանը հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին կողմ է արտահայտվել, որ Իրանի և «Վեցյակի» միջև բանակցություններն անցկացվեն Ստամբուլում: Նա ևս մեկ անգամ առաջարկել է, որ դրանք անցկացվեն Ստամբուլում:
Ռահիմին իր հերթին նշել է, որ իրենք ներկայումս նույնպես ցանկանում են, որ այդ բանակցություններն անցկացվեն Ստամբուլում: Ռահիմին հավելել է, որ անհրաժեշտ է ընդլայնել Իրանի և Թուրքիայի միջև երկկողմանի հարաբերությունները.
«Երկու երկրներն օժտված են իրենց տնտեսական հարաբերությունների զարգացման վիթխարի պոտենցիալով: Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման համար չկա որևէ արգելք»:
Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները Ստամբուլում տեղի են ունեցել նախորդ տարվա հունվարի վերջին, սակայն ավարտվել են անարդյունք:









































