Ասում են` պաշտոնանկ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Սեյրան (Սեդրակ) Սարոյանը շատ է սիրում «Հիմա եկել ես, ինչ անեմ…» երգը (որը նրա մտերիմներից մեկն անվանում է «իմպոտենտի» երգ), սակայն սպասվող ընտրություններից առաջ այդ երգը հավանաբար կպատվիրի մի քիչ այլ տարբերակով` «Հիմա դրել եք, ինչ անեմ…», քանի որ թիվ 19 ընտրատարածքում նա պայքարելու է միանգամից 5 հոգու դեմ. Թոռնիկ Գևորգյանի (անկուսակցական), ԱԱԾ մայոր Սարգիս Քոչարյանի (անկուսակցական) և միանգամից 2 ՀՀԿ-ական Հակոբյան Հակոբների դեմ, որոնցից մեկը էջմիածինցի գործարար է (Ճոյտը), մյուսի` երևանցու զբաղմունքն էլ լայն հանրությանը դեռ անհայտ է:
Մյուս թեկնածուների մոտ չգիտեմ ոնց, բայց Սեյրան Սարոյանի հետ կապված աղմկահարույց պատմությունները կարծես թե պայմանավորված են զենքերի ու ռաբիս, ազգագրական երգերի նկատմամբ սիրով կամ դրանց իմպրովիզներով: Օրինակ` 2010-ի հունվարի 11-ին Երևանի «Ջիանի» ռեստորանում տեղի ունեցած հրազենային «ռազբորկան» հենց դրանց շարքից էր, երբ միմյանց դեմ դուրս էին եկել ՀՀԿ-ական` արդեն էքս-պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի և կրկին ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովի) թիմակիցները: Ըստ նախնական տեղեկությունների` ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը հունվարի 12-ին բերման էր ենթարկել Սարոյանի 3 տղաներին և ձերբակալել:
Կրակոցների ժամանակ տուժել էր Ալրաղացի Լյովիկի մտերիմներից «Գլորիա» կազինոյի տերը` Գրիշը: Ըստ որոշ տեղեկությունների` դեպքի վայրում էր եղել նաև Լևոն Սարգսյանը, ով հասցրել էր փախչել, իսկ Գրիշը (Գրիգորը) տեղափոխվել էր «Էրեբունի» հիվանդանոց: Իհարկե, սկզբում գեներալի հարազատները պնդում էին, թե իրենք կապ չունեն այդ միջադեպի հետ, ոստիկանությունն էլ առանց հայտնի անուններ տալու այսպիսի հաղորդագրություն էր տարածել. «Հունվարի 11-ին, ժամը 5.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1964թ. ծնված Գրիգոր Ս.-ն: Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 4.00-ին, Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող Gianni ռեստորանային համալիրում մի խումբ անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել Գրիգոր Ս.-ի հետ, ծեծի ենթարկել նրան և անկանոն կրակ արձակել հաստատության ներսում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ և 1 գնդակ:
Նույն օրը, ժամը 6.00-ին, բաժին էին ներկայացել 1982թ. ծնված Հայկ Մարտիրոսյանը, 1982թ. ծնված Ռոման Միրզոյանը և 1984թ. ծնված Սարո Թովմասյանը` հայտնելով, որ Gianni-ում իրենք են ծեծի ենթարկել Գրիգոր Սուքիասյանին: Հայկ Մարտիրոսյանը բաժնում ներկայացրել էր ATMACA 2008 LIGHT 57383 տիպի գազային ատրճանակ, 9 մմ տ/չ 3 փամփուշտ և 1 պահունակ ու հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է գործածել ատրճանակը»: Որպես «ռազբորկայի» դրդապատճառ նշվում էին մի քանի վարկածներ. մեկն ասում էր` Սեյրան Սարոյանը քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի ազատման հետ կապված իր ստորագրությունն էր դրել ներման փաստաթղթի տակ, ինչը դուր չէր եկել ՀՀԿ-ական վերնախավին, և նրանք փորձել էին մեկ այլ Լյովի միջոցով գեներալի «գլխին սարքել»: Մեկ այլ դեպքում նշվում էր, թե Սեյրանի տղերքը կրվել են Գրիշի կազինոյում, փողերը չեն տվել, ինչն էլ հրազենային առճակատման գնալու առիթ է դարձել, սակայն կար նաև երրորդ տարբերակը. պատճառը եղել էր Սարոյանի սանիկ` ազգագրական երգիչ Սարո Թովմասյանի հետ կապված միջադեպը. Սարոն «Ջիանիում» երգելիս էր եղել, որտեղ այդ պահին քեֆ անելիս էին եղել Սարգսյան Լյովիկի թիմակիցները: Նրանցից մեկը «վատ տոնով» ու անպարկեշտ ձևով էր խոսել Սարոյի հետ, վերջինս էլ զանգել էր Սեյրանի տղերքին: Սրանք էլ եկել-ծեծել էին Ալրաղացի Լյովի տղաներին: Եվ հենց վերջին վարկածի մոտիվներով էլ գործը մտել էր դատարան: Սակայն խուլիգանության մեջ մեղադրվող երեք ամբաստանյալները` Սարո Թովմասյանը, Ռոման Միրզոյանը և Հայկ Մարտիրոսյանը 2010-ի ապրիլի 9-ին շատ արագ ազատ էին արձակվել դատարանի դահլիճից:
Նրանք լիովին ընդունել էին իրենց մեղքը և արագացված դատաքննության կարգով` 2 նիստով ավարտվել էր դատավարությունը: Դատարանում պարզվեց, որ տուժողները երկու հոգի են եղել. Գրիգորից բացի, մարմնական վնասվածք էր ստացել նաև «Ջիանիի» աշխատակից Ամալյա Դավթյանը: Մեղադրող կողմը Սարո Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել քր.օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով` մի խումբ անձանց կողմից և նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից): Հենց այս մեղադրանքները հաստատված համարելով` մեղադրողը պահանջել էր Սարո Թովմասյանին դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ կալանքը թողնել անփոփոխ: Իսկ միջին ծանրության և հասարակական մեծ վտանգավորություն ներկայացնող հանցագործություն կատարելու համար Հայկ Մարտիրոսյանի և Ռոման Միրզոյանի համար մեղադրող Աֆանդյանը պահանջել էր 1-ական տարի ազատազրկում` խափանման միջոց կալանքը թողնելով անփոփոխ:
Ամբաստանյալների պաշտպան Լիանա Գրիգորյանը ներկայացնելով իր պաշտպանյալների բնութագրերը` որպես հանցանքը մեղմացնող հանգամանք, կոնկրետ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ Սարո Թովմասյանին այսպես էր ներկայացրել. Սարո Թովմասյանը ծառայել է բանակում, ակտիվորեն մասնակցել է գյուղական նշանակության միջոցառումներին, երաժշտական ընդունակություններով օժտված Սարոն այժմ ճանաչված երգիչ է հայկական շոու-բիզնեսում: Դատարանն էլ վճռել էր` Սարո Թովմասյանին պատիժ նշանակել տուգանքի ձևով` 400.000 դրամի չափով, իսկ Հայկ Մարտիրոսյանի և Ռոման Միրզոյանի նկատմամբ` 300.000 դրամի չափով` դատարանի դահլիճից ազատ արձակելով նրանց: Նկատենք, որ նախաքննական մարմինը մեղմ էր վերաբերվել նրանց, քանի որ առկա էր հասարակական կարգը զենքի գործադրմամբ խախտելու հանգամանք, որը նախատեսված է 258 հոդվածի 4-րդ մասով և պատժվում է ազատազրկմամբ` 4-7 տարի ժամանակով:
Սեյրան Սարոյանի անունը հիշատակվեց նաև 2008-ի մարտիմեկյան դեպքերից առաջ, երբ ընդդիմությունը Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց, որ պատգամավոր Սեյրան Սարոյանը մի քանի այլ գեներալների և բարձրաստիճան զինվորականների հետ անցել է ընդդիմության կողմը: Հետագայում, իհարկե, այդպես չեղավ, բայց Սեյրան Սարոյանը զրկվեց իր պատգամավորական մանդատից:
Դրանից հետո Սեյրան Սարոյանին և նրա մերձավորներին առնչվող աղմկահարույց պատմություններ չեն եղել: Սակայն նա կրկին իր թեկնածությունն է դրել նույն 19 ընտրատարածքում, որտեղից ընտրվել էր նաև 2007-ին` ՀՀԿ աջակցությամբ: Հուսանք, որ նախընտրական և հետընտրական ժամանակաշրջանում մրցակիցների հետ «ռազբորկաներ» չեն լինի, չնայած Սեյրան Սարոյանը մտածում է` «Հիմա դրել եք` ինչ անեմ…»:
«Ժամանակ»






































