Չեխիայի արտգործնախարը հայտարարել է, որ իր երկիրը 160 հազար դոլարի մարդասիրական օգնություն կցուցաբերի սիրիացի փախստականներին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Չեխիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունը:
«Չեխիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Կարել Շվերցենբերգը որոշում է ընդունել 3 մլն չեխական կրոն (մոտ 160 հազար ԱՄՆ դոլար.- 1in.am) հատկացնել սիրիացի փախստականներին օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքերով՝ միջոցները կուղարկվեն ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության միջոցով՝ Սիրիայի փախստականներին օգնություն տրամադրելու տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
«Օգնություն կցուցաբերվի այն մարդկանց, ովքեր լքել են Սիրիան և տեղափոխվել հարևան երկրներ, առաջին հերթին՝ Հորդանան, Թուրքիա և Լիբանան»,- ասել է Չեխիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդում է Չեխական ռադիոն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությանը, անվտանգության նկատառումներից ելենելով՝ փախստական է դարձել շուրջ 230 հազար սիրիացի:
Հիշեցնենք. Սիրիայում մեկ տարուց ավելի շարունակվում են զինված բախումները ընդդիմության և իշխանությունների ուժերի միջև: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն, զոհվել է ավելի քան 8000 մարդ:









































