Իսպանական Iberia ավիաընկերության օդաչուները մտադիր են ամեն երկուշաբթի և ուրբաթ օրերին` սկսած 2012 թ. ապրիլի 9-ից հուլիսի 20-ը, գործադուլ անել: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով Iberia-ի օդաչուների արհմիությանը:
Օդաչուների գործադուլի առիթ է հանդիսացել մարտի 25-ին նոր, քիչ ծախսատար Iberia Express ավիափոխադրողի գործարկումը, որին բաժին են ընկնելու Iberia-ի որոշ ոչ շահավետ երթուղիները:
Սեփականատերերը վստահեցնում են, որ նոր ավիաընկերության ստեղծումը չի ազդի Iberia-ի աշխատակիցների վրա, որոնք, սակայն, վստահ են, որ դա կհանգեցնի աշխատավարձերի կրճատմանը:
Աշխատակիցները համոզված են, որ ընկերության` քիչ ծախսատար մասնաճյուղի ստեղծմամբ ընկերությունը կարող է աշխատանքից ազատել աշխատավարձերից բողոքողներին:
Iberia Express-ը մտադիր է մինչև 2012 թ. վերջը չվերթների թիվը հասցնել 20-ի, իսկ ուղևորահոսքը` մինչև 2.5 մլն մարդու:
Նոր ավիափոխադրողը իր տրամադրության տակ կունենա 14 ինքնաթիռ և 500 հոգանոց անձնակազմ:
Մայր ընկերության ղեկավարությունը Iberia Express-ի օգնությամբ հույս ունի տարեկան խնայել շուրջ 100 մլն եվրո։








































