Տևական ժամանակ է, ինչ Գյումրիի «Շիրակ կենտրոնը» բարձրաձայնում, հասարակության լայն շերտերին իրազեկում է Գյումրիի վրանային թաղամասերի, աղետի գոտու, անօթևանների խնդիրների մասին: Կենտրոնը ժամանակ առ ժամանակ տեսանյութերով ներկայացնում է Գյումրիում բնակարանային խնդիր ունեցող, ծայրահեղ վիճակում ապրող ընտանիքներին: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանը, տեսանյութերը սկսել են կատաղեցնել և հունից հանել քաղաքային իշխանություններին, պատգամավորներին:
Ըստ Վ. Թումասյանի`այսօր կենտրոնի աշխատակիցներից մեկին Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը կարծիք է հայտնել, թե կենտրոնը այս աշխատանքներն իրականացնում է դրամաշնորհներ ստանալու համար, շոու է իրականացնում: Վ. Թումասյանի փաստմամբ` նմանատիպ արձագանք կենտրոնի աշխատանքների վերաբերյալ եղել է նաև պատգամավորներից մեկի կողմից, ով ասել է, թե կենտրոնը վարկաբեկում է Գյումրի քաղաքը: Վահան Թումասյանի կարծիքով` նմանատիպ ճնշումներ իրականացվում են նրա համար, քանի որ պատկան մարմինները, պատասխանատու անձինք ամեն տեղ բարձրաձայնում են, թե Գյումրիում աղետի գոտու խնդիրը լուծված է, անօթևանները բնակարաններով ապահովված են և ապահովվելու են, սակայն, «Շիրակ կենտրոնի» տեսանյութերով հասարակությունն այլ բանի ականատեսն է դառնում:
«Չեմ ցանկանում նույնիսկ խոսել այն որակումների մասին, որ ժամանակ առ ժամանակ տալիս են «Շիրակ կենտրոնին»: Կարծում եմ, պետք է ողջունեին, որովհետև մեր տեսանյութերի և «Միասին կարող ենք» նախաձեռնության շնորհիվ մոտ 150 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է իրականացվել անօթևան, ծնողազուրկ երեխաների համար, չհաշված մի շարք ընտանիքների նպաստն է վերականգնվել, մի շարք որբ երեխաներին, որոնք օժանդակ դպրոցներում էին, միջամտել ենք հանել այդ դպրոցներից, որպեսզի նրանց ապագան չկործանվի և նրանք հաճախեն նորմալ դպրոցներ: Դրանք չհաշված` յոթ բնակարան և հսկայական օգնություն, մի շարք երեխաների նշանակվել է միանվագ, երկարատև թոշակներ, բայց սա որևէ դրամաշնորհի փոխարեն չի արվում»,- մեկնաբանեց Վ. Թումասյանը` հավելելով, որ ցանկանում են այս խնդիրների մասին չբարձրաձայնել և ասել, որ աղետի գոտի չկա, պետական բնակարանաշինական ծրագիրն ապահովել և ապահովելու է բոլոր անօթևաններին:
Սակայն, Վ. Թումասյանի դիտարկումներով, եթե պետական բնակարանաշինական ծրագիրն իրականանա, մոտավորապես 4000 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքների ճակատագիրը շարունակելու է անհայտ մնալ: Ուստի «Շիրակ կենտրոնի» նախագահն ընդգծեց, որ շարունակելու են և ավելի մեծ ջանասիրությամբ են հասարակությանն իրազեկելու Գյումրիում անօթևանների խնդիրներին, քանի որ նրանք իսկապես հազարավոր են և օգնության կարիք ունեն:








































