Գյուղատնտեսության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանն այս տարի նախատեսում են գյուղացիական տոնավաճառների թիվն ավելացնել 1-2-ով, սակայն դեռ չեն որոշել, թե դրանք որտեղ են տեղակայվելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հայտարարեց, որ ստեղծվելիք տոնավաճառներում ևս, ինչպես և Կասյան փողոցի անկյունում անցած տարի կազմակերպված տոնավաճառում, տաղավարները, կշեռքները, վրանները գյուղացիներին կտրամադրվեն անվճար:
«Տոնավաճառների մուտքը կլինի միայն գյուղացիների համար»,- վստահեցրեց փոխնախարարը`բացառելով այնտեղ միջնորդների հայտնվելը:
Փոխնախարարի տվյալներով՝ անցած տարի Կասյան փողոցի անկյունի տոնավաճառը կազմակերպվել է 30 անգամ, օրական այնտեղ վաճառվել է 50-60 տեսակի մոտ 60.5 տոննա գյուղարտադրանք, իսկ օրական այցելուների թիվը կազմել է 6-7 հազար մարդ:
Պատասխանելով լրագրողի հարցին`այս տարի հնարավո՞ր է գյուղմթերքի գինն իջնի, մասնավորապես նաև միջնորդավճարի հաշվին, Ռ. Մակարյանը նշեց, թե նախարարությունը գնային քաղաքականության վրա ազդեցություն չունի: Ըստ նրա` պետք է այլընտրանք ստեղծել գյուղացու համար, որ կարողանա վաճառել իր ապրանքը առանց միջնորդների, և այդ նպատակին է ուղղված նաև տոնավաճառների աշխատանքը, իսկ գինն արդեն կորոշի շուկան:










































