Օրենքը հնարավորություն չի տալիս մինչ պաշտոնական քարոզչությունն իրականացվող բարեգործությունն անօրինական համարել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Transparancy international հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը`պատասխանելով հարցին, թե կենտրոնը կարող է, որպես օրինախախտում ֆիքսել մինչ պաշտոնական նախընտրական քարոզչությունն իրականացվող բարեգործությունը:
Ս. Այվազյանը նշեց, որ քաղաքական կուսակցությունների կողմից իրականացվող բարեգործությունն այս փուլում անօրինական գործունեություն չի համարվում: Նրա գնահատմամբ` աբսուրդ է, բայց այդպես է: Դա է պատճառը, որ այսօր իրականացվող բարեգործությունները չեն կարող որակվել, որպես խախտումներ: «Օրենքն ասում է, որ անթույլատրելի է օգնություններ բաժանելը պաշտոնական նախընտրական քարոզարշավի ընթացքում և օրենքի համաձայն՝ օգնություններ չի կարելի բաժանել ապրիլի 8-ից: Իսկ մինչև ապրիլի 8-ն ամեն բան կարելի է անել: Օրենքի մեկնաբանությամբ այդպես է ստացվում. քարոզարշավը չի կարելի ուղեկցել բարեգործությամբ: Այսինքն՝ ամսի 8-ից հետո, եթե լինեն հիմնադրամներ, որոնք և՛ քարոզարշավ կիրականացնեն, և՛ բարեգործություն, դա անօրինական կլինի, բայց մինչև ամսի 8-ը միանշանակ չէ, քանի որ օրենքի ձևակերպումն այդպիսին է»,- մեկնաբանեց Ս. Այվազյանը`հավելելով, որ դիտարկումներ իրականացվում են կենտրոնի կողմից, սակայն այս փուլում բարեգործություն իրականացնելը օրինախախտում չի համարվում, ըստ օրենքի լեզվի:
Սոնա Այվազյանը տեղեկացրեց, որ Transparancy international հակակոռուպցիոն կենտրոնը մի քարտեզ է նախապատրաստել ներկայացնելու, որտեղ բոլորը կարող են ամրագրել պաշտոնական նախընտրական քարոզչության ընթացքում և դրանից դուրս օրինախախտում համարվող ցանկացած գործողություն:










































