Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սեուլում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթնաժողովի ավարտից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իրանի մայրաքաղաք Թեհրան:
Թեհրանի օդանավակայանում նրան դիմավորել են Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին և Թեհրանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:
Թեհրանում Էրդողանն այսօր հանդիպումներ կունենա Իրանի առաջին փոխնախագահ Մուհամեդ Ռըզա Ռահիմիի հետ, ապա խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Իսկ վաղը Էրդողանին Մաշհադում կընդունի Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին:
Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերությունների հարցը, Սիրիայում և Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, Իրանի միջուկային ծրագիրը:
Իրանական այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և այլք:







































