«Ժողովուրդ»-ը զրուցել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի հետ:
֊Պարոն Սեֆիլյան, Դուք հայտարարեցիք, որ չեք մասնակցելու Աժ առաջիկա ընտրություններին, ի՞նչ եք կարծում, այդ կերպ չե՞ք հայտնվի քաղաքական լուսանցքում:
-Ես կարծում եմ, որ այսօրվա քաղաքական դաշտն ամբողջությամբ արդեն հայտնվել է լուսանցքում, իսկ այն թատրոնը, որին դուք ականատես եք լինում՝ իբր ինչ-որ քաղաքական պրոցեսներ են գնում, մեր ժողովրդին արդեն երկար տարիներ է՝ չի հետաքրքրում: Ուղղակի ոչ ուշ ապագայում ամեն ինչ իր տեղը կընկնի: Վստահ եմ, որ բացի մի քանի անկեղծ գործիչներից, որոնք այսօր մասնակցում են կամ փորձում են մասնակցել այդ թատրոնին, մնացած բոլորը հայտնվելու են լուսանցքում: Մեր երկրի այս վիճակից դուրս գալու լուծումը, այս համակարգին վերջը դնելու լուծումը իրենց ստեղծած քաղաքական դաշտում չէ, լուծումն այլընտրանքային դաշտում է, որն այսօր օր օրի ձևավորվում է:
-Այսինքն՝ Դուք այդ այլընտրանքային դաշտո՞ւմ եք:
-Անշուշտ:
-Մինչ իշխանությունն ու ընդդիմությունը զբաղված են խորհրդարանական ընտրությունների մրցավազքով, երկրում հերթական անգամ լարվում է սոցիալական վիճակը՝ թանկանում է բենզինը, սննդամթերքը, բացի այդ, խոսք կա Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու մասին: Այս իրավիճակին ի՞նչ գնահատական կտաք:
-Ես կարծում եմ՝ ներքին թանկացումներն առհասարակ կապ չունեն դրսի հետ, այսինքն՝ այդ ամբողջը պետք է կապել նախընտրական ժամանակաշրջանի հետ: Նրանց շատ փող Է պետք, չեն ուզում իրենց գրպանից շատ ծախսել, իսկ որտեղի՞ց պետք է դա հավաքեն, խնդրեմ՝ թանկացնում են ամենօրյա սպառողական կարևորագույն ապրանքները: Իսկ ինչ վերաբերում Է Մինսկի խմբի փոփոխությանը, այսօր Հայաստանում որևէ մեկն այդ պրոցեսին չի հետևում՝ ներառյալ վարչախումբը: Մինչդեռ շատ վտանգավոր օրեր ենք ապրում, որովհետև իսկապես ռեգիոնը եռում է:
-Ծանոթացե՞լ եք կուսակցությունների ներկայացրած ցուցակներին, ի՞նչ եք կարծում, ապագայում ինչպիսի՞ խորհրդարան ենք ունենալու:
-Հնարավորինս ծանոթացել եմ: 2007թ. խորհրդարանից մեծ հաշվով տարբերություն չի լինելու, ուղղակի այս անգամ Աժ-ն շատ ավելի վերահսկելի է լինելու: Եթե այսօր մի քանի հոգի կա այնտեղ, որոնք փորձում են ինքնուրույն խոսել, նրանց ձայնն էլ հավանաբար առաջիկայում չի լինի, կամ եթե լինի էլ՝ ընդամենը մի քանի հոգին խնդիր չեն լուծելու: Ես ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած խմբակը թե՛ համամասնականով և թե՛ մեծամասնականով միասին երկու երրորդը պետք է նվաճեն, դա արդեն նախօրոք որոշված է, դա քվեարկության հետ կապ չունի: Այս ամենի լուծումն այլընտրանքային ընտրություններ կազմակերպելու և այլընտրանքային իշխանություններ ձևավորելու մեջ է: Այս ապօրինի վարչախմբին զուգահեռ պետք է ձևավորել օրինական իշխանություն և վերջ դնել այս կեղեքող համակարգին:
-Պարոն Սեֆիլյան, Հայ ազգային կոնգրեսը և´ մեծամասնականով, և´ համամասնականով թեկնածուների բավականին մեծ ցանկ է ներկայացրել ըստ Ձեզ` ՀԱԿ-ը քանի՞ պատգամավոր է ունենալու Աժ-ում:
-Կարծում եմ` մեծամասնականով ընդդիմության ներկայացուցիչներին որևէ տեղ չեն թողնելու, դա պրինցիպի խնդիր է, դա իրենց է պատկանում, էլի: Ընտրությանն իրենք ասում են` դուք փորձեք համամասնականով տոկոսներ հավաքել, մենք կորոշենք` ձեզ ինչքան կտանք, նայած` ինչքան կխնդրեք մեզ: Այսինքն` խնդրողի դերում պետք է լինեն:
-Իսկ ինչո՞ւ Դուք դուրս եկաք Կոնգրեսից, կարող էիք նրանց հետ պայքարել խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
-Ես արդեն հստակ հայտարարություն արել եմ իմ դուրս գալու մասին: Ես երկար ժամանակ է` նրանց հետ գործ չունեմ, ես առհասարակ փորձել եմ կանգնել ժողովրդավարության շարժման կողքին, մեր ժողովրդի կողքին: Փորձել եմ պարոն Տեր-Պետրոսյանին ինչ-որ խորհուրդներ տալ, սակայն այդ ամբողջը տևել է ամիսներ, ամիսներ հետո ես հասկացել եմ, որ իմաստ չունի, և իմ գործին եմ լծվել:
-Իսկ ո՞րն է այդ գործը:
-Մենք նախապատրաստվում ենք այլընտրանքային ընտրությունների, որի մասին շուտով մանրամասներ կիմանաք. խաղի կանոններից դուրս ձևավորվելիք իշխանության պրոցեսի սկիզբն է դրվելու:









































