Գարնան առաջին ամիսն արդեն մոտենում ավարտին, գարնանային հաճելի եղանակը նույնպես զգացնել է տալիս: Սակայն գարնանը զարթոնք է ապրում ոչ միայն բնությունը, այլև մեր օրգանիզմը, որը դեռևս չհարմարված եղանակային նոր պայմաններին, բարդություններ է առաջացնում խնդիրներ ունեցող մարդկանց համար: Գարնանը ի՞նչ հիվանդություն ունցող մարդիկ պետք է առավել ուշադիր լինեն և ի՞նչ պետք է անեն: Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի թերապևտ Անահիտ Խաչատրյանի հետ:
Նա հաստատեց, որ իրականությանը համապատասխանում են այն պնդումները, թե գարնանը որոշ հիվանդություններ սրացումներ են ունենում: Ըստ Ա. Խաչատրյանի` գարնանը հիվանդության սրացումներ են ունենում սրտանոթային, խոցային հիվանդությունները:
«Այս օրերին հատկապես ուշադիր պետք է լինեն արյան բարձր ճնշում ունեցող հիվանդները, պետք է ուշադիր լինեն նաև խոցային հիվանդություն ունեցող մարդիկ: Եղանակը կայուն չէ, պետք է հետևել նաև, որպեսզի մրսածություն չլինի, քանի որ եղանակը խաբուսիկ է, իսկ դրան պետք է համապատասխան հագնվել»,- մանրամասնեց Ա. Խաչատրյանը` հավելելով, որ
պետք է զգույշ լինեն բոլոր մարդիկ, սակայն սրացումներ լինում են վերոնշյալ հիվանդությունների դեպքում:
Թերապևտ Անահիտ Խաչատրյանին վերջին օրերին շատ դիմել են արյան բարձր ճնշում ունեցող հիվանդները: Ըստ նրա` իրենց պոլիկլինիկայում կան թոքաբորբով հիվանդներ: Ուստի բժշկուհին բոլորին խորհուրդ տվեց հետևել իրենց բժշկի խորհուրդներին, զգույշ լինել և հանգնվել եղանակին համապատասխան:









































