Սենեգալի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել անցած կիրակի, հաղթել է ընդդիմադիր առաջնորդ, «Դաշինք՝ հանրապետության համար» կուսակցության հիմնադիր–նախագահ, 50-ամյա Մակի Սալին` հավաքելով ձայների 65,80 %-ը: Նման տվյալներ է այսօր հրապարակել Ձայների հաշվարկման ազգային կոմիտեն:
Երկրի գործող նախագահ 85-ամյա Աբդուլլահ Վադը հավաքել է ձայների 34,20 %-ը:
Կոմիտեի տվյալներով՝ մասնակցությունը ընտրություններին կազմել է 55 %: Համաձայն օրենքի` ընտրությունների արդյունքները դեռ պետք է հաստատվեն Սենեգալի Սահմանադրական խորհրդում, այնուհետև ներկայացվեն հասարակությանը:
Կիրակի օրը, ընտրությունների առաջին տվյալները ստանալով, Վադն ընդունել է իր պարտությունը և հեռախոսազանգով շնորհավորել է Սալին:
Վադը հաղթել էր փետրվարի 26-ին կայացած ընտրությունների առաջին փուլում` հավաքելով 34,8 %, սակայն ընտրությունների վճռական օրը դիտորդները ֆավորիտի տեղը հանձնել էին Սալին, ում պաշտպանությամբ հանդես էին գալիս առաջատար ընդդիմադիր գործիչները:
Աբդուլլահ Վադը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2000 թվականից:
Միջազգային հանրությունը ողջունել է ընտրությունների խաղաղ ընթացքը և ժողովրդավարական արդյունքը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի խոսքերով` Սենեգալը, լինելով Աֆրիկայի կյանքում մեծ կարևորություն ունեցող երկիր, ժողովրդավարության օրինակ է ծառայել տարածաշրջանի մյուս երկրների համար:
«Անհրաժեշտ է արժանին մատուցել Աբդուլլահ Վադին, ինչպես նաև Մակի Սալին՝ նրա համար, որ ամեն ինչ անցել է ըստ հավուր պատշաճի»,- ասել է Սարկոզին:








































