Գործազուրկ ավստրիացին սղոցել է սեփական ոտքը՝ ենթադրաբար չցանկանալով աշխատանքի համար պիտանի լինել: Այդ մասին գրում է Sky News-ը:
Ըստ ոստիկանության՝ Միտերլաբիլի 56-ամյա գործազուրկ բնակիչը ավտոմատ սղոցով սղոցել է ոտքը` կոճից մի փոքր վերև, ինչից հետո կտրված մասը նետել է վառարանը: Այնուհետև տղամարդը հասել է իր ավտոտնակ և կանչել շտապօգնություն:
Բժիշկները տղամարդուն գտել են գիտակից վիճակում, չնայած նա շատ արյուն էր կորցրել: Ոտքի կտրված մասը բժիշկները վերցրել են իրենց հետ, բայց այն հասցրել էր այնպես վառվել, որ հիվանդանոցում վիրաբույժները հրաժարվել են այն կարել:
Տեղեկացվում է նաև, որ գործազուրկը նման սարսափելի քայլի է դիմել աշխատանքային հանձնաժողովի բժշկական ստուգման գնալուց առաջ, որտեղ նախատեսվում էր քննարկել նրա անգործունակության հարցը:
Ներկայումս տուժածը գտնվում է Գրացե հիվանդանոցում: Նրա վիճակը կայուն է:








































