Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն խորհուրդ է տվել «թուլուզյան հրաձիգ» Մուհամմեդ Մերայի հորը լռել ու ամաչել և ոչ թե դիմել Ֆրանսիայի դատարան: Այս մասին հաղորդում է Le Monde-ը:
«Եթե ես լինեի այսպիսի հրեշի հայրը, ապա կլռեի ու կամաչեի»,- հայտարարել է Ժյուպեն Classique ռադիոկայանին տված հարցազրույցում:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի խորհրդական Անրի Գինոն էլ իր հերթին հայտարարել է, որ Մերայի հոր պահանջները «անպարկեշտ են»:
«Դա նրա իրավունքն է, բայց իմ գլուխը միայն մեկ բառ է գալիս` անպարկեշտություն: Այդ երիտասարդը հրեշ է»,- ասել է Գինոն:
Երկուշաբթի` մարտի 26-ին, Մերայի հայրն ասել էր, որ իր որդուն սպանելու համար դատի կտա Ֆրանսիային:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին երիտասարդը հարձակվել էր Թուլուզի դպրոցներից մեկի վրա` սպանելով 4 մարդու, այդ թվում` 3 երեխայի:








































