«Թուրքիան փորձում է խցկվել Մինսկի խումբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, Հայագիտական կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը ՝ խոսելով Օբամա-Էրդողան վերջին հանդիպման մասին, որի ընթացքում, ըստ տեղեկությունների, քննարկվել են Հայոց ցեղասպանության նոր բանաձևի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերը:
Նա տեղեկացրեց, որ Սեուլում հանդիպել են Էրդողանն ու Օբաման, որի ընթացքում շոշափվել են կոնկրետ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Մինսկի խմբի գործունեությունը դադարում է արդյունավետ լինել:
Ըստ թուրքագետի՝ այս հայտարարությունը միտված էր օժանդակելու ադրբեջանական կողմին, քանի որ այս խումբը երկար տարիներ կարողացել է պահպանել խաղաղությունը տարածաշրջանում, իսկ Թուրքիան փորձում է խցկվել Մինսկի խումբ և իր դիրքորոշումը հայտնել: Թուրքիան այդ կերպ խանգարում է այս ձևաչափով աշխատանքին և հովանավորում Ադրբեջանին, որի արդյունքում Ադրբեջանի դիրքորոշումն ավելի է կոշտացել:
«Արցախյան հարցին և բանաձևին զուգահեռ՝ Էրդողանը հայտարարություն է արել Աղթամարի եկեղեցու վերաբերյալ՝ ցույց տալով իրենց կրոնական հանդուրժողականությունը։ Սակայն այդ ամենը իմիտացիա է»,- մեկնաբանեց թուրքագետը:
Համատեղ ասուլիսի ընթացքում Թուրքիայի կրոնական անհանդուրժողականությանն անդրադարձավ նաև թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նրա խոսքով՝ Թուրքիան կրոնական անհանդուրժողականություն է դրսևորում ալավիների նկատմամբ, եղել են նաև ջարդեր:
Անդրադառնալով Օբամա-Էրդողան հանդիպմանը՝ նա ասաց, որ հանդիպմանը քննարկվել են Սիրիայի, Իրանի միջուկային ծրագրի հարցերը։ Քննարկման ընթացքում Էրդողանը բարձրացրել է ցեղասպանությանն առնչվող խնդիրներ և ասել, որ հոգնել են ցեղասպանության բանաձևերից, իսկ պատմության հարցերով քաղաքական գործիչները չպետք է զբաղվեն:
«Հանդիպման ավարտին նա ասել է, որ Սիրիայի հարցով համագործակցությունը շարունակվելու է, իսկ ԱՄՆ-ը այն երկիրը չէ, որի նախագահն արգելի որևէ հարց քննարկել»,- նկատեց Հ. Չաքրյանը:








































