Իրանական Mehr News լրատվական գործակալությանը տված հարցազրույցում իրանցի ազդեցիկ կրոնական գործիչ, Իրանի Փորձագետների խորհրդի (Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդին կից խորհրդատվական մարմին) նախագահության անդամ, այաթոլլահ Ահմադ Խաթամին հայտարարել է, որ Իսրայելի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում Իրանը կկործանի սիոնիստական ռեժիմը.
«Եթե Իսրայելը ռազմական հարված հասցնի Իրանին, ապա սիոնիստական ռեժիմն ամբողջովին կոչնչացվի: Դա քաջ հայտնի է այդ ռեժիմին: Վերջինս չկարողացավ դիմակայել «Հըզբոլլահի» զենքին, որի հեռահարությունը կազմում էր 70 կիլոմետր: Նա ստիպված եղավ 33 օր անց կապիտուլացվել (նկատի է առնվում 2006 թվականին Լիբանանի հետ Իսրայելի պատերազմը):
Այդքանից հետո ոչ մի խոսք չի կարող լինել, թե նրանք կարող են դիմակայել Իրանի հրթիռային հզորությանը: Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ հարվածներ հասցվելու դեպքում կտրվեն համարժեք պատասխաններ. մենք հարվածներ կհասցնենք Իսրայելի միջուկային օբյեկտներին:
Իրանի ռազմական դոկտրինն ունի պաշտպանական ուղղվածություն, մենք ագրեսիվ պլաններ չենք մշակում, սակայն պատրաստ ենք մեր նկատմամբ ագրեսիային կործանիչ պատասխան տալ»:








































