Մարտի 26-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Նախարարը նշել է, որ մոտ օրերս մեկական ամենագնացներ կտրամադրվեն Շիրակի և Գեղարքունիքի ԱԻՆ մարզային փրկարարական վարչություններին։
ԱԻ նախարարը ՓԾ տնօրենին հանձնարարել է խրախուսման ներկայացնել Շիրակի և Գեղարքունիքի մարզերում ձյան գերության մեջ հայտնված մարդկանց օգնելու և որոնողափրկարարական աշխատանքներում աչքի ընկած հրշեջ-փրկարարներին։
Քննարկվել են ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տեխնիկական հագեցվածության, սեյսմիկ դիտացանցերի արդիականացման և օպտիմալացման ծրագրերը, դրանց մեջ Գառնիի կենտրոնի ներգրավման, դրա տեխնիկական հագեցվածության ու զարգացման խնդիրները։ Շատ շուտով նախարարության ներկայացուցչական խումբը կմեկնի Գառնի` տեղում խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրելու և կենտրոն տանող ճանապարհից սկսած մինչև ամենաբարդ ծրագրային հագեցվածություն համալիր լուծումներ առաջարկելու համար։
Առանձին անդրադարձ է եղել Երևանի Մյասնիկյան 1 հասցեում գտնվող հրշեջ մասի նոր շենքի ավարտման և առաջիկայում դրա բացման արարողության հետ կապված աշխատանքներին։







































