Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ուժերին կոչ արեց համագործակցել՝ հանուն արդար ընտրությունների:
Նա նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ իրավիճակին պետք է ադեկվատ պատասխանի: Ն. Փաշինյանի կարծիքով՝ երբ բանը հասնում է տարերային ընտրակեղծիքներին, քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի ընտրակեղծիքները կանխելը և դրանց հետագա զարգացումն արգելելը:
«Ես բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ եմ անում համագործակցել ընտրությունների օրինական ընթացքի համար: Ընտրությունների օրինական ընթացք ասելով՝ չպետք է հասկանալ միայն քվեարկության պահը, որը նույնպես կարևոր է: ՀԱԿ-ն իր համար խնդիր է համարում, որ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան լսելու բոլոր թեկնածուների, բոլոր քաղաքական ուժերի ասելիքը, և իրենց որոշումը կայացնեն հենց այդ ասելիքը լսելու արդյունքում»,- մեկնաբանեց Ն. Փաշինյանը:









































