«Ժառանգություն»-ն առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն 5 ընտրատարածքներից հանել ՀԱԿ-ի թեկնածուներին. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց
ՀԱԿ ներկայացուցիչ, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում. հնարավոր զարգացումները» թեմայի շրջանակներոմ:
Բանախոսը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին է հասցեագրել նամակ, որում նշել է, որ ԱԺ պատգամավոր համարվող Սամվել Ալեքսանյանը ԱԺ բոլոր տասը հերթական նստաշրջաններից բացակայել է և օրենքի տրամաբանությամբ՝ պետք է տասն անգամ զրկվեր պատգամավորության մանդատից: Ուստի Նիկոլ Փաշինյանը պահանջել է ներկայացնել այն հիմքերը, համաձայն որոնց՝ նրա բացակայություններն անհարգելի չեն համարվել:
«Չորրորդ գումարման ԱԺ աշխատանքներից բացակայած պատգամավորների հարցը բացառիկ կարևորություն ունի, հանրությունը պետք է հստակ պատասխաններ ստանա: Եթե այդ մարդիկ ունեն խրոնիկ հիվանդություններ, որոնք հնգամյա բուժման կարիք ունեն, հանրությունը պետք է տեղյակ լինի: ԱԺ նախագահի պաշտոնում գտնվողը թող հրապարակի այդ հիմքերը: Ես գրության մեջ նշել եմ Սամվել Ալեքսանյանի անունը, բայց նման կարգավիճակում գտնվող այլ պատգամավորներ էլ կան:
Նման պատգամավորների կրկին առաջադրելով՝ ՀՀԿ-ն խնդիր է դրել ԱԺ դերը իջեցնելու, հայոց պետականությունը վարկաբեկելու:
Նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում մի պատգամավոր էլ է եղել, որը վերջին տարիներին չի բնակվել ՀՀ-ում. խոսքը Հարություն Փամբուկյանի մասին է։ Եվ դա ՀՀԿ-ն նորմալ է համարել, այսինքն՝ պատգամավորը կարող է լքել Հայաստանը: Ի՞նչ է սրանով ուզում ցույց տալ իշխող քաղաքական ուժը»,- հռետորական հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաբացարկին՝ ՀԱԿ անդամն ասաց, որ տեղյակ է նրա հայտարարությանը: «Իմ լիազոր ներկայացուցիչը զանգահարել է թիվ 7 ընտրատարածք, և նրան ասել են, որ ինքնաբացարկի դիմում դեռ չի ստացվել: Քանի դեռ փաստը չի կայացել, ես ոչ մի մեկնաբանություն չեմ անի:
Մինչ այս «Ժառանգություն»-ն առաջարկել է, որպեսզի քննարկումներ սկսվեն ընդդիմության մեկ թեկնածուի շուրջ, ՀԱԿ-ը համաձայնել է, իսկ «Ժառանգություն»-ը քարտեզներ չի ներկայացրել առաջադրումների վերաբերյալ: ՀԱԿ ներկայացուցիչը խոսել է «Ժառանգության» նեկայացուցչի հետ և ստացել պատասխան, թե այս հարցը պետք է քննարկվի առաջադրումներից հետո:
«Ժառանգություն»-ն առաջարկել է՝ Րաֆֆին կհանի իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից՝ փոխարենը
թիվ 1, 4, 6, 9, 12 ընտրատարածքներից ՀԱԿ թեկնածուները պետք է հանեն իրենց թեկնածությունը. «Ժառանգություն»-ը առաջադրել է մեծամասնական 8 թեկնածու:
ՀԱԿ-ի գնահատականով՝ այսպիսի առաջարկը չի կարելի համարել տրամաբանական: ՀԱԿ-ը ամեն բան արել է, որ քաղաքացիներն ունենան ընտրության հնարավորություն»,- հայտնեց Ն. Փաշինյանը:









































