Intelsat-22 հեռահաղորդակցության արբանյակն առանձնացել է Breeze-M ուղեկցող բլոկից և դուրս է եկել հաշվարկված ուղեծիր: Այս մասին երկուշաբթի՝ մարտի 26-ին, հաղորդել է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի տիեզերական կենտրոնի ներկայացուցիչներին, ըստ որոնց՝ արբանյակի առանձնացումը ուղեկցող բլոկից տեղի է ունեցել կանոնավոր, արբանյակը փոխանցվել է պատվիրատուի կառավարմանը:
«Պրոտոն-Մ» հրթիռ-կրիչը, բեռնված լինելով Intelsat 22 ամերիկյան հեռահաղորդակցության արբանյակով, տիեզերք է ուղարկվել Ղազախստանում գտնվող Բայկոնուր տիեզերակայանից մարտի 25-ին, տեղական ժամանակով ժամը 16:10: Մեկնարկից 10 րոպե հետո արբանյակն առանձնացել է կրող հրթիռից:
Intelsat-22-ը թիրախային ուղեծիր դուրս բերելու համար պահանջվել է ուղեկցող բլոկի շարժիչի 5 միացում: Ամբողջ գործընթացը տևել է 15 ժամ 30 րոպե:
Intelsat 22-ը հեռահաղորդակցության արբանյակ է՝ ստեղծված Boeing ավիաընկերության կողմից Intelsat համաշխարհային օպերատորի պատվերով։ Այն կշռում է 6.4 տոննա և ստեղծված է 702MP պլատֆորմի վրա։ Արբանյակը ստեղծվել է տեսաձայնային հաղորդագրությունների փոխանցման համար։









































