Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում գտնվող «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնը հարցախույզ է անցկացրել Ադրբեջանում՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի 20-ամյա գործունեության հետ:
Հարցախույզին մասնակցել է 500 մարդ։ Նրանց 88 տոկոսը բացասական է գնահահատել անցած 20 տարիների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ունեցած դերակատարությունը: 12 տոկոսը դրականորեն է գնահատել այն:
Հարցախույզի մասնակիցները նաև պատասխանել են այն հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում գտնվող ո՞ր երկիրը պետք է փոխարինվի: Հարցվածների 55 տոկոսը նշել է Ֆրանսիան, 27 տոկոսը՝ Ռուսաստանը, իսկ 18 տոկոսը՝ ԱՄՆ-ը:
Իսկ ո՞ր երկիրը կամ կառույցը պետք է ներառվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում հարցին, հարցախույզի մասնակիցներից 78 տոկոսը նշել է Թուրքիան, 12 տոկոսը՝ ԵՄ-ը, 10 տոկոսը՝ Գերմանիան:
Հակամարտության կարգավորման ինչպիսի՞ ուղիներ եք տեսնում հարցին ի պատասխան 28 տոկոսը նշել է, որ Ադրբեջանը պետք է ուժ կիրառի, 18 տոկոսը համարում է, որ Հայաստանը պետք է ընդունի Մադրիդյան ընդլայնված պլանը, իսկ 54 տոկոսի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է լուրջ ճնշումներ բանեցնի Հայաստանի վրա:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականի մարտի 24-ին:








































