2008 թվականին Էստոնիայում մի խումբ երիտասարդներ հավաքվեցին և որոշեցին մաքրել երկիրը կենցաղային աղբից: Շատ քիչ ժամանակ անց հավաքվեց 50 հազար կամավոր, որոնք 5 ժամում Էստոնիան մաքրեցին 10 հազար տոննա կենցաղային աղբից: 2012 թվականի մարտի 24-ից դեկտեմբերի 25-ը աշխարհի ավելի քան 85 երկրներում մեկնարկում է World lets do it համաշխարհային բնապահպանական շարժումը, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք բնապահպանական միջոցառումներ. մասնավորապես՝ մաքրել երկրագունդը կենցաղային աղբից:
Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Հայաստանը ևս միացել է այդ նախաձեռնությանը. «Մեզ մոտ ձևավորվում է «Մենք կարող ենք» կամ «Արմենիա» շարժումը: Այն կազմակերպություններից և անհատներից կազմված կամավորական շարժում է, որը բաց է բոլորի համար: Շարժման նպատակն է իրականացնել «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնությունը: Հիմնական միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, որի ընթացքում տեսակավորելով աղբը՝ պետք է մաքրենք պատմամշակութային վայրերում կուտակված կենցաղային աղբը»:
Խոսելով նախաձեռնության մասին՝ Բնության համաշխարհային հիմնադրամի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը ողջունում է նախաձեռությունը և կոչ է անում, որ շարժմանը միանան նաև պետական կառույցները. «Հայաստանն ունի շատ գեղեցիկ բնություն, պատմամշակութային կոթողներ, որոնց շուրջը, ցավոք, միշտ աղբ է հավաքվում: Շարժման նպատակն է նաև փոխել մարդկանց մտածելակերպը, որպեսզի չաղտոտեն իրենց շրջակա միջավայրը»:
«Նախաձեռնությունն իրականցվելու է բոլոր մարզերում, մարզային մի շարք կառույցների հետ կա համագործակցություն: Քաղաքային համայնքներում չենք իրականացնելու աղբահանության միջոցառումներ, բացառությամբ այն վայրերի, որտեղ կան կանաչապատ տարածքներ»,- հավելեց Արսեն Գասպարյանը:
Մենք կարող ենք» շարժմանն արդեն միացել են 20 կազմակերպություններ և բազում անհատներ: Գասպարյանը փաստեց, որ այս շարժման մեջ քաղաքական ոչինչ չկա, «մենք պարզապես ցանկանում ենք մաքրել մեր երկիրը»:









































