Իրանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ատոմային կայանների վերազինման հարցում համագործակցելու առաջարկով: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Դավանի Աբբասին:
«Քանի որ ռուսական ընկերությունը բարեխղճորեն է աշխատել Բուշերի ատոմակայանի վերազինման նախագծի շրջանակներում և վճռականություն է ցուցաբերել որակապես այդ ծրագիրը ավարտին հասցնելու, մենք կցանկանայինք մի քանի միջուկային ծրագրերի շուրջ շարունակել նրա հետ համագործակցությունը»,- ընդգծել է Դավանի Աբբասին:
Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ ատոմակայանը շահագործվում է միայն 75%-ով, իսկ նրա ամբողջական շահագործումը նախատեսվում է մայիսին:
Բուշերի ատոմակայանի գործարկման արարողությունը կայացել է անցած տարվա սեպտեմբերի 12-ին` ռուսական և իրանական պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես այդ ժամանակ հայտարարել էր ՌԴ էներգետիկաի նախարար Սերգեյ Շմատկոն, Ռուսաստանը կերաշխավորի դեռևս մեկ տարի ատոմակայանը 100%-ով գործարկելուց հետո:
Նշենք, որ այս ատոմակայանի կառուցումը սկսվել էր դեռևս 1975 թ.-ից, բայց իսլամական հեղափոխությունից հետո (1979) այն դադարեցվել էր: 1995թ.-ին ստորագրվեց ռուս-իրանական համաձայնագիրը, ըստ որի` ռուսական ընկերությունը պետք է շարունակեր ատոմակայանի կառուցումը:








































