Հայ-թուրքական հարաբերություններում Շվեյցարիայի միջնորդական դերի վերականգնումը ոչինչ չի փոխի, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը`անդրադառնալով Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարի այն մտքին, թե Շվեյցարիան կողմերի համաձայնության դեպքում կվերականգնի իր միջնորդական առաքելությունը հայ-թուրքական հարաբերությունների բանակցություններում:
Թուրքագետը հիշեցրեց, որ Շվեյցարիան հայ-թուրքական բանակցային գործընթացում նախկինում, որպես միջնորդ, հանդես է եկել և հիմա իր բարի կամքն է հայտնում, ինչպես և բոլոր ԵՄ երկրները, ԱՄՆ-ը: «Հայտարարում են, որ շահագրգռված են, որ գործընթացը շարունակվի, բայց անկախ դրանից՝ հայ-թուրքական հարաբերությունների վիճակն այնպիսին է, որ այդ հայտարարությունները որևէ տեսանելի տեղաշարժերի չեն բերի, որովհետև թուրքական կողմը տարվա վերջում հայտարարեց, որ հարաբերությունները սառեցված են այն աստիճանի, որ հնարավոր չէ որևէ ձևով դրանք վերականգնել»,- մեկնաբանեց թուրքագետը`հավելելով, որ հայկական կողմը ևս հայտարարել է, թե էլի պատրաստ ենք առանց նախապայմանների շարունակել բանակցությունները:
Ըստ Ա. Հովհաննիսյանի` խոսքը թուրքական կողմինը պետք է լինի, բայց քանի դեռ թուրքական կողմը այս խնդրի լուծումը կապում է ղարաբաղյան հարցի լուծման հետ որևէ առաջընթաց լինել չի կարող: Նա նաև նշեց, որ թուրքական կողմից մի քանի անգամ եղան հայտարարություններ, թե լուռ դիվանագիտություն է շարունակվում, որն անմիջապես հերքվեց մեր արտգործնախարարության կողմից: Այնուհետև, նրա փաստմամբ, վերջին զարգացումները՝ կապված Ֆրանսիայում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հետ, Խոջալուի դեպքերի հետ կապված հանրահավաքները, ցույց են տալիս, որ Թուրքիան բոլորովին տրամադրվածություն չունի որևէ ձևով երկխոսությունը շարունակելու:
Նշենք, որ Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Յոհան Շնայդեր-Ամանը օրերս նշել էր, թե պատրաստ են վերականգնել միջնորդությունը Հայաստանի և Թուրքիայի միջև:







































