Հարավային Օսեթիայում նախագահի կրկնակի ընտրությունները մեկնարկեցին տեղի ժամանակով ժամը 08:00-ին, երբ բացվեցին ընտրական տեղամասերը: Այս մասին տեղեկացրել է Interfax-ը:
Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են չորս թեկնածուներ` Հարավային Օսեթիայի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովը, մարդու իրավունքների պաշտպան Դավիթ Սանակոևը, ՌԴ-ում Հարավային Օսեթիայի դեսպան Դմիտրի Մեդոևը, նաև ընդդիմադիր կոմունիստական կուսակցության առաջնորդ Ստանիսլավ Կոչիևը:
Ընտրությունները կհամարվեն կայացած, եթե դրանց մասնակցի ընտրողների 50%-ը: Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների կեսից ավելին:
RIA Novosti-ի հաղորդմամբ` ընտրատեղամասերն աշխատելու են տեղի ժամանակով մինչև ժամը 20:00-ն: Քվեարկության կարող են մասնակցել մոտ 30 հազար մարդ: Ընտրական կենտրոնական հանձնաժողովը նախնական արդյունքները պետք է հրապարակի ընտրությունների հաջորդ օրը:
Հիշեցնենք, որ Հարավային Օսեթիայում նախագահի ընտրությունները տեղի էին ունեցել 2011թ. նոյեմբերին, սակայն Գերագույն դատարանի որոշմամբ քվեարկության արդյունքները չեղյալ էին համարվել տեղ գտած խախտումների պատճառով: Նշենք, որ նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքում հաղթել էր ընդդիմության ներկայացուցիչ Ալլա Ջիոևան:








































