Մալիի Ժողովրդավարության և պետության վերածննդի ազգայի կոմիտեի ղեկավար Ամադու Սանոգոն ելույթ է ունեցել ազգային հեռուստատեսությամբ` հերքելով իր մահվան մասին լուրերը:
«Բարի երեկո, Մալիի ժողովո՛ւրդ: Բարի երեկո, իմ զինակիցնե՛ր: Բարի երեկո, քաղաքացինե՛ր: Ես` կապիտան Ամադու Սանոգոն, առողջ եմ, և ինձ հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է նա ելույթում:
Սանոգոն ղեկավարել է չորեքշաբթիից ուրբաթ տեղի ունեցած ապստամբությունը, որի ընթացքում ազգային բանակի զինվորները մարտով գրավել են նախագահական պալատը` ձերբակալելով մի քանի նախարարների: Նրանք հայտարարել են, որ գրավել են իշխանությունը, որպեսզի վերջ տան նախագահ Ամադու Թումանի Թուրեի՝ երկրի հյուսիսում առաջացած ճգնաժամը լուծելու անկարողությանը:
Ժողովրդավարության և պետության վերածննդի ազգային կոմիտեն Սահմանադրությունը հայտարարել է ժամանակավորապես չգործող, լուծարել է պետական մի շարք կառույցներ և պարետային ժամ է մտցրել: Ապստամբ զինվորականները հրամայել են նաև փակել հարևան երկրների հետ օդային և ծովային ճանապարհները:
Սանոգոն հայտարարել էր, որ իշխանության ձերբակալված ներկայացուցիչները ողջ-առողջ են և շուտով կհանձնվեն Մալիի արդարադատությանը:
Ինչպես նախատեսվում է, մարտի 27-ին Կոտ դ’Իվուարում տեղի կունենա Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համագործակցության երկրների ղեկավարների հրատապ հանդիպում, որտեղ կքննարկվի Մալիում ռազմական հեղաշրջման հարցը:








































