Ուելսի հյուսիսում գտնվող Անգլսի կղզու բնակիչները արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ամուսնության տարեդարձը կնշեն գեյ-շքերթով: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
Ամենամյա գեյ-շքերթի կազմակերպիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ կտեղափոխեն շքերթի անցկացման օրը երկու շաբաթով՝ հատուկ նրա համար, որ այն համընկնի թագավորական ընտանիքի հարսանիքի տարեդարձի հետ:
«Մեզ թվում է, որ մենք կնպաստենք ռոմանտիկ մթնոլորտի ստեղծմանը»,- բացատրել է կազմակերպիչներից մեկը` Ալան Ջոնսը: Նա ընդգծել է նաև, որ իրենց այդ տոնակատարության հյուրերի մեջ լինում են շատ հետերոսեքսուալներ, այդ թվում՝ նաև տեղի ֆուտբոլային թիմը: Նրա խոսքերով՝ այս տարվա գեյ-շքերթին մասնակցելու է ավելի քան երկու հազար մարդ:
Հիշեցնենք, որ Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամն ամուսնացան 2011 թ. ապրիլի 29-ին: Այդ իրադարձությունը դարձավ ամենաքննարկվողն ամբողջ աշխարհում: Պսակադրությունից հետո երիտասարդ նորապսակներին շնորհվեց Քեմբրիջյան դուքս և դքսուհի տիտղոսները:








































