Հինգշաբթի երեկոյան, երբ պարզ դարձավ, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ համայնքներն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում հայտնի գործարար, ՀՀԿ կողմից առաջադրված Սամվել Ալեքսանյանից, ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանից բացի, իր թեկնածությունն է առաջադրել նաև Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, սոցիալական ցանցերում, մամուլում սկսվեց փոխադարձ մեղադրանքների տարափ` ընդդիմադիր երկու ուժերի հասցեին, թե ով ում «տակն է փորում», ով է ումից շուտ առաջադրվել և այլն: Ր. Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ պատրաստ է հանել իր թեկնածությունը` հօգուտ Նիկոլ Փաշինյանի, եթե ընդդիմադիր ուժերի միջև քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվի 41 ընտրատարածքներից յուրաքանչյուրում հանդես գալ մեկ ընդդիմադիր թեկնածուով` անկախ նրանից, թե որ կուսակցությունից կլինի այդ թեկնածուն:
Թիվ 7 ընտրատարածքը, սակայն, միակը չէ, որտեղ իրար դեմ թեկնածուներ են առաջադրել ընդդիմադիրները: Արդեն հայտնի է, որ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնականով ՀԱԿ-ն առաջադրել է լրագրող Գայանե Առուստամյանին, «Ժառանգությունը»` Ստյոպա Սաֆարյանին, թիվ 4-ում առաջադրվել են Արամ Մանուկյանը (ՀՀՇ), Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), ինչպես նաև «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Թիվ 8 ընտրատարածքում կոնգրեսական Վահագն Խաչատրյանը կպայքարի դաշնակցական Արթուր Եղիազարյանի հետ, թիվ 9-ում ընտրապայքարի դուրս կգան ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը և «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը: Թիվ 10-ում, ինչպես հայտնի է, ՀԱԿ-ից առաջադրվել են Սուքիասյան եղբայրները: Թիվ 12-ում իրար դեմ կպայքարեն ՀՅԴ-ական Կառլեն Գևորգյանը, անկուսակցական Գոհար Վեզիրյանը, ՀԱԿ-ից` Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին` Տիգրան Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը: Ընդդիմադիր ուժերի նմանատիպ պայքար է սպասվում նաև թիվ 15 և թիվ 30 ընտրատարածքներում:
«Ժամանակն» այս առաջադրումների հետ կապված զրուցեց ընդդիմադիր դաշտի թեկնածուների հետ` պարզելու, թե պատրա՞ստ են ընդդիմադիր թևի ներկայացուցիչները միասնական թեկնածուով ներկայանալ և անհրաժեշտության դեպքում զիջումների գնալ:
ՀԱԿ կողմից առաջադրված Գայանե Առուստամյանը համամիտ չէ Րաֆֆի Հովհաննիսյանի` մեկ ընդդիմադիր թեկնածուով հանդես գալու հայտարարության հետ: Ավելին. «Չեմ համարում, որ «Ժառանգությունն» ընդդիմադիր կուսակցություն է: «Ժառանգությունը» զուտ դեկորատիվ ընդդիմություն է: Ընտրապայքարն օրենքով սահմանված կարգով պետք է լինի հավասար, իմ պայքարը Հանրապետական կուսակցության դեմ է»:
Նրա դեմ նույն ընտրատարածքում առաջադրված Ստյոպա Սաֆարյանը պատրաստ է զիջման գնալ, եթե «Ժառանգությունը» որոշի, որ թիվ 1-ում պետք է մնա ՀԱԿ ներկայացուցիչը. «Չնայած այս պահին լրիվ թափով տանում եմ նախապատրաստական աշխատանքները` անկախ ամեն ինչից, իմ կուսակցության ստրատեգիային դեմ չեմ գնալու»: Սաֆարյանը հստակեցրեց նաև, որ թիվ 1-ում առաջադրված Գայանե Առուստամյանն առաջադրվել է ոչ ՀԱԿ կողմից. «Համենայնդեպս, ընտրատարածքային հանձնաժողովում ինձ ասել են, որ նա ինքնառաջադրված է: Այլ բան է, որ արդեն իմ առաջադրման օրը ՀԱԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ ինքը ՀԱԿ-ի թեկնածուն է, իսկ իմ առաջադրվելուց առաջ ես միայն տեղյակ եմ եղել, որ առաջադրվել է լրագրող, ոչ ՀԱԿ-ի թեկնածու»:
Դիտարկմանը, թե ինչու աղմուկը բարձրացավ միայն այն ժամանակ, երբ պարզվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանն են իրար դեմ առաջադրվել, չէ՞ որ մինչ այդ էլ ցուցակներում նույն պատկերն էր, Ս. Սաֆարյանը նախ զարմանք հայտնեց Կոնգրեսի արձագանքից. «Ինչո՞ւ Դաշնակցությունը նման կերպ չի պահում իրեն: Հիմա մենք հո կրակը չենք ընկել, կարո՞ղ է բոլոր տեղերում ուղեցույց վերցնենք ՀԱԿ-ի որոշումները: Կներեք, բայց մենք այդպիսի պարտավորություն չունենք: Հայաստանի փրկությունը կախված է Մալաթիա Սեբաստիա համայնքի՞ց: Եթե այդ մի ընտրատարածքի խնդիրն է ընդամենը, ՀԱԿ-ը պարտավոր է ժողովրդին բացատրել, եթե հաղթում է Մալաթիա-Սեբաստիայում, ապա այդ դեպքում իշխանությունը տապալվո՞ւմ է, ես ինքս առաջինը կլինեմ, որ իմ կուսակցությանը կասեմ` եկեք հանենք մեր թեկնածությունը: Ինձ հետաքրքրում է ամբողջ հանրապետությունով մեկ ընդդիմության հաղթանակը: Մենք հաստատ ոչ երկրորդական դեմքեր ենք և հաստատ ոչ վատը և ոչ քիչ հայտնի, քան մյուս ընտրատարածքներում ՀԱԿ-ի առաջադրած թեկնածուները»:
Զրուցեցինք նաև թիվ 12-ում առաջադրված «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ: Վերջինս զարմացավ, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է պատկերացնում մրցապայքարը իր ընտրատարածքում ՀԱԿ կողմից առաջադրված Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ: «Ո՞վ է ինքը»,- հարցրեց նա ու հավելեց. «Եթե առաջարկ լինի` նստել սեղանի շուրջ, քննարկել, ապա ես կմասնակցեմ քննարկմանը` ապացուցելու համար, որ ավելի լավ կլինի, որ ես մնամ այդ ընտրատարածքում` որպես ընդդիմության ներկայացուցիչ»:
Տիգրան Տեր-Պետրոսյանն էլ փոխանցեց, որ իր առաջադրման ժամանակ միայն ՀՀԿ-ական Լյովա Խաչատրյանն է առաջադրված եղել: Հարցին, թե անհրաժեշտության դեպքում պատրա՞ստ կլինի զիջել Անահիտ Բախշյանին, ասաց. «Դիմեք ՀԱԿ-ին, ես չեմ կարող պատասխանել»:
ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի կարծիքով` ընդդիմադիր ուժերի միջև բանակցությունները պետք էր սկսել մինչև առաջադրումները. «Ես չգիտեմ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխին կամ մտքին ինչ է եկել, որ հիմա մեկնաբանություններ անեմ: Երբ որ խոսակցությունները ռեալ կլինեն, կարելի է մտածել` ինչ անել: Միգուցե տակտիկական առումով լավ կլինի, որ երկու թեկնածուները կամ ընդդիմադիր թեկնածուները մնան, որովհետև ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչները իրար դեմ թեկնածություններ դրել` նույն 7-րդ ընտրատարածքում: Իրենք իրենց հաշիվները դրել են, մենք էլ պետք է կարողանանք դնել»: Ստ. Սաֆարյանի այն դիտարկմանը, թե երեկվա ասուլիսի հայտարարությամբ Ր. Հովհաննիսյանն արդեն առաջարկ արել է, և հերթն այժմ ՀԱԿ-ինն է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ասուլիսի միջոցով առաջարկություններ չեն անում: Կոնկրետ հնարավորություն կա հանդիպելու, խոսելու, գտնվում ենք Հայաստանի Հանրապետությունում, Երևան քաղաքում, իրար տեսնելու հնարավորություն միշտ էլ կա»:
Իսկ թե ինչու անձամբ ՀԱԿ-ն առաջարկություն չի անում, ասաց. «Կոնկրետ իմ ընտրատարածքում նման խնդիր չկա, չեմ կարող պատասխանել»:
Թիվ 12-ում առաջադրված անկուսակցական Գոհար Վեզիրյանն էլ կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը քաղաքական մրցակցության կանոններին դեմ է. «Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարում է մոնոպոլիաների դեմ, հիմա ինքը մի բան է առաջարկում, որը քաղաքական մոնոպոլիա է ստեղծում: Եվ վերջին հաշվով դեռ պարզ չի` ո՞վ է ընդդիմություն և ով` ոչ: Ես դեռ կասկածում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ: Ինքս` որպես քաղաքացի, խիստ կասկածում եմ: Ընդդիմությունն այն քաղաքական ուժն է, որը 4 տարի շարունակ պայքարել է օրինականության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության և ընդհանրապես լավ Հայաստան ունենալու համար, դա ՀԱԿ-ն է»: Հետաքրքիր է, թե ինչու է Գոհար Վեզիրյանն, այնուամենայնիվ, որոշել իր թեկնածությունն առաջադրել մի ընտրատարածքում, որտեղ ՀԱԿ-ն առաջադրել է Տիգրան Տեր-Պետրոսյանին: «Իմ մրցակիցը Լյովա Խաչատրյանն է, մնացածի մասով որևէ մեկնաբանություն անել չեմ պատրաստվում: Ինձ ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանական քաղաքական ուժն է սատարում: Հիմա եթե նույնիսկ ընդդիմությունը նման որոշում կայացնի, իրենք թող նստեն իրար մեջ անեն, ես այդ ֆորմատի մեջ չեմ տեղավորվում»,- եզրափակեց նա:








































