Քննիչները որևէ կապ չեն հայտնաբերել Թուլուզում ահաբեկչություն իրականացրած Մուհամադ Մերայի և «Ալ-Քաիդայի» միջև: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ֆրանսիայի իշխանությունների բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, որ չնայած Մերայի կողմից արված այն հայտարարությանը, թե ինքն «Ալ-Քաիդայի» անդամ է, ապացույցներ, որ նա կապ է ունեցել այդ կազմակերպության հետ, գոյություն չունեն:
Այդ աղբյուրը հավելել է, որ հնարավոր է՝ Մերան հնչեցրել է «Ալ-Քաիդայի» անունը, քանի որ այդ ահաբեկչական կազմակերպությունը շատ հայտնի է:
Հայտնի է նաև, որ ձերբակալվել են Մերայի եղբայրը` Մուհամադ Աբդ Ալ-Քադիրը, և նրա կինը: Հաղորդվում է, որ 2007թ.-ից Մերայի եղբայրը կասկածվում է ընդհատակյա խմբավորմանը մասնակցություն ունենալու մեջ, որը նախապատրաստել և Իրաք է ուղարկել գրոհայինների:
Չնայած այս հայտարարությանը, երեկ Ինտերպոլի ղեկավարն ասել է, որ հնարավոր է՝ Մերան ինչ-որ կերպ կապված է «Ալ-Քաիդայի» հետ:
Հիշեցնենք, որ Թուլուզում ահաբեկիչը հրեական դպրոցի մոտ իրականացրել էր հարձակում, որի հետևանքով սպանվել էր 4 հոգի, այդ թվում` 3 երեխա:








































