ՄԱԿ-ը և նրա հումանիտար գործընկերները դիմել են դոնոր երկրներին՝ կոչ անելով 84 միլիոն դոլար տրամադրել՝ Սիրիայի փախստականներին օգնություն ցուցաբերելու համար, քանի որ նրանց թիվը գերազանցել է 41 հազարը։ Այս մասին գրում է ИТАР ТАСС-ը:
Ինչպես այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հաղորդել է փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի մամլո քարտուղար Էդրիան Էդվարդսը, խոսքը համաձայնեցված նախագծի մասին է `մշակված ՄԱԿ-ի համակարգի ութ կազմակերպությունների, 27 ազգային և միջազգային հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ երկրների կառավարությունների կողմից:
Ֆինանսական հարցման հիմքում ընկած են հաշվարկներ, որոնց համաձայն՝ մոտակա 6 ամիսների ընթացքում օգնության կարիք կունենա 100 հազար մարդ` ինչպես սիրիացիներ, այնպես էլ երրորդ պետությունների քաղաքացիներ: «Սիրիայում անկարգությունները սկսվելուց մեկ տարի անց փախստականների թիվը Հորդանանում, Լիբանանում և Թուրքիայում շարունակում է աճել»,- ասել է Էդվարդսը:
Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ անցած տարվա մարտ ամսից Հորդանանում գրանցվել է ավելի քան 6 հազար սիրիացի փախստական, ավելի քան 2.5 հազարը սպասում են գրանցման: Սիրիայից փախստականների թիվը Լիբանանում հասել է 16 հազարի, Թուրքիայում` 17 հազարի:









































