«Ի՞նչ սպասելիքներ ունի Ալեքսանդր Արզումանյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի այցից»,- հարցրին լրագրողները ՀՀ նախկին արտգործնախարարին: ՀԱԿ ներկայացուցիչը բոլորին հրավիրեց պիկետի, որը տեղի է ունենալու վաղը: Նա նշեց, որ Թոմաս Համարբերգը բացառություն է եվրոպական կառույցներում, քանի որ չի ենթարկվում այսօրվա քաղաքական կոնյունկտուրային: «Ողջունում ենք, չենք կասկածում իր և իր ղեկավարած ինստիտուտի անաչառությանն ու սկզբունքայնությանը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը` հիշեցնելով, որ նա միակ եվրոպացի պաշտոնյան է, որը հայտարարել է, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվում է քաղաքական վենդետա, և Հայաստան կատարած իր բոլոր այցերի ժամանակ այցելել է քրեակատարողական հիմնարկներ, լսել քաղբանտարկյալներին: Սրանից զատ` նա հիշեցրեց, որ Թոմաս Համարբերգը օգտագործեց «քաղաքական հայացքների համար կալանավորված անձինք» արտահայտությունը: ՀՀ նախկին արտգործնախարարը կարծում է, որ իշխանություններն էլ են եկել այն համոզման, որ պարտադիր պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, քանի որ միջազգային հանրության գնահատականները գնալով կոշտանում են, և սանկցիաների կիրառման վտանգը շարունակում է կախված մնալ իրենց գլխին: Նա հիշեցրեց, որ մյուս քաղբանտարկյալների ազատարձակումը եղել է միջազգային կառույցների ճնշման ներքո:









































