Կուսակցությունները լուրջ պայքարի են պատրաստվում: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը` գնահատելով կուսակցությունների քաղաքական ակտիվությունը:
Նա նշեց, որ Հայաստանի քաղաքական դաշտի հասունացում է նկատվում և տպավորություն է, որ միաբևեռ կուսակցական դաշտը փոխվել է. կա ոչ թե մեկ շատ ուժեղ կուսակցություն և մի քանի փոքր, թույլ, այլ երեք ուժեղ կուսակցություններ: Ըստ սոցիոլոգի` դա խոսում է այն մասին, որ մրցակցությունը միայն տնտեսական ոլորտից վերջապես տեղափոխվում է նաև կուսակցական, քաղաքական ոլորտ:
«Երբ իսկապես մրցակցություն է առկա, այն բերում է զարգացման: Կուսակցական դաշտը բավականին մենաշնորհված ձևով էր ձևակերպված, հիմա, կարծես թե, ես տեսնում եմ, որ գնում է բազմաբևեռ, մրցակցային քաղաքականություն»,- մեկնաբանեց Գ. Պողոսյանը:
Անդրադառնալով կուսակցությունների նախընտրական ցուցակներին` նա ասաց, որ եթե չհաշվարկենք ՀՅԴ-ն, բոլոր կուսակցությունները փորձել են փոխել և թարմացնել իրենց ցուցակները: Նրա խոսքով` դա նրանից է, որ սկսվում է ռեալ մրցակցություն, մարդիկ և կուսակցությունները տեսնում են, որ իրենք իրենց թիմերում ուժեղ խաղացողներ պետք է ունենան: Ուստի սոցիոլոգը պատահական չի համարում, որ նույնիսկ ընդգրկում են մարդկանց, ում մենք ճանաչում ենք:
«Ընդգրկվում են ոչ միայն նոր դեմքեր, երիտասարդներ, այլ նաև բավականին երևացող քաղաքական գործիչներ, որոնք առաջին անգամ չէ, որ մասնակցում են ընտրություններին, ավելի փորձված են, ունեն դիրք, սեփական տեսակետներ: Խոսքը գնում է այն մասին, որ մրցակցության մեջ մտնելու կանխազգացումը ստիպում է նրանց թիմերն ուժեղացնել, թարմացնել, դա խոսում է այն մասին, որ կուսակցությունները լուրջ պայքարի են պատրաստվում»,- եզրափակեց իր խոսքը սոցիոլոգը:








































