Ռուսաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է Մալիում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջում են իրականացրել և գրավել նախագահական պալատը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Բամակոյում Ռուսաստանի դեսպանատան տվյալներով Մալիում գտնվող ՌԴ քաղաքացիները չեն տուժել:
Մալիի զինվորականները հայտարարել են, որ կասեցրել են սահմանադրության գործունեությունը: Քիչ առաջ հաղորդվում էր, որ Մալիի նախագահ Ամադ Տումանի Տուրեն գտնվում է անվտանգ վայրում և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Որոշ նախարարներ ձերբակալվել են:
Ապստամբության պատճառը զինվորականների դժգոհությունն է՝ պայմանավորված երկրի հյուսիսում տուրեգների զինված ապստամբության վերաբերյալ երկրի ղեկավարության արձագանքով:
Նշենք, որ հեղաշրջումից հետո Ֆրանսիան կոչ է արել անցկացնել նոր ընտրություններ, իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունը դատապարտել է տեղի ունեցածը:








































