Այսօր` մարտի 22-ին, Հայ Ազգային կոնգրեսը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր համամասնական ցուցակը:
Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջին հնգյակում ընդգրկված են նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել է 2008թ. նախագահական ընտրություններից հետո: 2008թ. օգոստոսի 1-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հռչակեց ընդդիմադիր կառույցի ստեղծման մասին: ՀԱԿ-ին մաս են կազմում 18 կուսակցություններ և քաղաքական ուժեր:
Հայ ազգային կոնգրեսը թեկնածուներ է ներկայացրել նաև մեծամասնական ընտրակարգով: Մասնավորապես առաջադրվել են Վլադիմիր Կարապետյանը (թիվ 2 ընտրատարածք), Արամ Մանուկյանը (թիվ 4), Վահագն Խաչատրյանը (թիվ 8), Լևոն Զուրաբյանը (թիվ 9), Ռազմիկ Պետրոսյանը (թիվ 14), Մկրտիչ Սափեյանը (թիվ 15), Սասուն Միքայելյանը (թիվ 25) և այլք:









































