Կառավարության շենքի դիմաց բողոքի խաղաղ ցույցի մասնակցած, սակայն մեղադրական եզրակացության համաձայն` խուլիգանություն կատարած և հասարակական կարգը խախտած նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կշարունակի ապրիլի 5-ին, քանի որ այսօրվա նիստին չէր ներկայացել վկա ոստիկան Արշակ Առաքելյանը: Վերջինս դատարանին դիմում էր գրել` խնդրելով իր բացակայությամբ քննել գործը, սակայն դատավոր Պապոյանը, վկայի բացակայությունը անհարգելի համարելով, որոշեց նրան բերման ենթարկել:
Նշենք, որ, վկայից բացի, դատարան այսօր չեն ներկայացել նաև Վարդգես Գասպարիի պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը և Ռոբերտ Ռևազյանը:
Պաշտպաններից Ռոբերտ Ռևազյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ գործում կա 5 վկա, որոնցից 3-ը ոստիկաններ են, 2-ը` քաղաքացիական անձինք: Նշված երեք ոստիկաններից 2-ն արդեն հարցաքննվել են, իսկ վերջինն այսօր փաստորեն դատարան չի ներկայացել: Դատարանում դեռ չեն հարցաքննվել նաև մյուս երկու քաղաքացիները: