«ՀՀԿ-ն հավատում է իր ցուցակում ընդգրկված բոլոր քաղաքական գործիչներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե՝ Գագիկ Բեգլարյանի՝ ՀՀԿ ցուցակում ներգրավված լինելը արդյոք նշանակո՞ւմ է, թե ՀՀԿ-ում հավատացել են, որ Գագիկ Բեգլարյանը փոխվել է (հայտնի միջադեպից հետո):
Շարմազանովը նաև նշեց, որ շատ ուրախ է, քանի որ նույնիսկ ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն է փաստում, որ առկա է քաղաքական բազմակարծություն ապահովող հեռուստաեթեր:
ՀՀԿ-ական գործչի խոսքով՝ իր կուսակցությունը ձգտում է ոչ թե մի քանի տոկոս ավելի ձայներ ստանալ, այլ երկրում ապահովել ժողովրդավարություն:
«Բնականաբար, մի ձեռքը ծափ չի տալիս, և հուսով ենք, որ ընդդիմությունը ևս կգնա այդ ճանապարհով»,- ասաց նա:









































