Կառավարությունը դիմորդին պետք է տեղեկացնի, որ սովորելու է և մնալու է անգործ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը`խոսելով կրթության որակի բարձրացմանն ուղղված պետական քաղաքականությունից:
Ա. Բլեյանը նշեց, թե ինչպես կարող է Հայաստանում լինել պետական քաղաքականություն կրթության որակի և մատչելիության բարձրացման ոլորտում, երբ խոսում ենք չորս տարի ուսանող կոչված սոցիալական վիճակում գտնվելու մասին: Ըստ նրա` ուսման որակի մասին չարժե խոսել այնքան ժամանակ, քանի դեռ աշխատուժի շուկան կարգավորված չէ: «Կրթաթոշակ էլ կարող են տալ ուսանողներին, մասնավոր անձինք նույնպես կարող են օգնել, ընդունենք լավ ուսում ստացան, իսկ հետո ի՞նչ եղավ: 2011թ. ավարտել է բուհը 500 տնտեսագետ, նրանց մեջ նաև կրթաթոշակառուներ, կա՞ ուսումնասիրություն, թե այդ ուսանողները գտել են իրենց մասնագիտությամբ աշխատանք, թե՞ ոչ: Մարդ պետք է իմանա` ստանալով մասնագիտություն կարողանալո՞ւ է աշխատել և ի՞նչ գումարի սահմաններում է աշխատանք ստանալու: Եթե աշխատանք չեն գտնում, պետք է իրենց հարց տան, թե ինչո՞ւ են ժամանակը և գումարը ծախսում»,- մեկնաբանեց Ա. Բլեյանը` հավելելով, որ տեսնում է բուհեր, որոնք զբաղված են իրենց դասախոսների սոցիալական խնդիրը լուծելով:
Ըստ նրա` մի հիմնարկ է բացվել, աշխատողներին պետք է պահեն, բայց դա կապ չունի աշխատանքի շուկայի հետ: Աշոտ Բլեյանի համոզմամբ` ոչ համակարգված վիճակը հանգեցնում է արտագաղթի:
Նրա կարծիքով` համակարգել պետք է սկսել աշխատանքի շուկայից: «Աշխատանքի շուկան պետք է լինի պատվիրատու, ընտրող, որոշող, աշխատանքի շուկայի պահանջարկները պետք է հայտնի լինեն կամ կառավարությունը պետք է դիմորդին տեղեկացնի, որ չորս տարի սովորելու է և մնալու է անգործ»,- եզրափակեց իր խոսքը կրթահամալիրի տնօրենը:









































