Բևերլի Հիլզում Մայքլ Ջեքսոնի առանձնատունը, որտեղ հայտնի երգիչն անցկացրել է իր կյանքի վերջին տարիները, հանվել է վաճառքի: Նախնական գինը 23.9 միլիոն դոլար է. հաղորդում է Forbes ամսագիրը:
Մայքլ Ջեքսոնն այստեղ էր տեղափոխվել 2008թ.-ի դեկտեմբերին` պարտքերի պատճառով Neverland ռանչոն վաճառելուց հետո: Այն չի պատկանել Ջեքսոնին, այլ վարձակալվել է AEG Live պրոդյուսերական կենտրոնի կողմից` ամսական 100 հազար դոլարով:
Այստեղ արդեն անցկացվել են անհրաժեշտ աշխատանքներ, որպեսզի նոր տերերն առանց որևէ խնդրի կարողանան անմիջապես բնակվել: Վերացվել են Ջեքսոնի` այստեղ բնակվելու բոլոր հետքերը: Վաճառող ընկերությունը հայտնել է, որ իրենք մանրակրկիտ ուսումնասիրում են պոտենցիալ գնորդների հնարավորությունները, քանի որ գնորդի անվան տակ Ջեքսոնի տուն կարող են այցելել պատահական մարդիկ` այն տեսնելու համար:
Հայտնի է, որ առանձնատան բնակելի մասը 1.5 հազար քառակուսի մետր է` 7 ննջասենյակ, 13 լոգարան, 14 բուխարի, մառան, մերսման սպա-սենյակ, մարզադահլիճ և լողավազան: Առանձնատունը կառուցվել է 2002թ.-ին և գնահատվել էր 38 միլիոն դոլար:








































