Եվրոպայի պարտքի ճգնաժամը շարունակում է վատ անդրադառնալ ԱՄՆ-ի տնտեսության վրա, չնայած վտանգի աճի տեմպերը բավականին նվազել են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն:
«Եվրոպայում տնտեսական վիճակը շարունակում է շատ բարդ մնալ, և հիմա անչափ կարևոր է, որ եվրոպացի առաջնորդները կարողանան քայլեր ձեռնարկել անհապաղ և երկարատև կայունության հասնելու համար»,- ասել է ԱՄՆ-ի գլխավոր բանկիրը:
Նա հիշեցրել է, որ ամերիկյան և եվրոպական տնտեսությունները սերտորեն կապված են միմյանց հետ: Մասնավորապես, ամերիկյան մեծ միջոցներ են ներդրված եվրոպական կազմակերպություններում:
«ԱՄՆ-ի ֆինանսական կազմակերպություններն իրենց վտանգից պաշտպանելու համար միջոցներ ձեռք առնելու ժամանակ են ունեցել, սակայն խնդրի տարածման վտանգը շարունակում է մնալ և անհանգստացնել ԱՄՆ-ի իշխանություններին»,- նշել է նա:
Իր հերթին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոտի Գայթները, ելույթ ունենալով նույն լսումների ժամանակ, հայտարարել է, որ եվրոպական երկրներին հաջողվել է «հասնել լուրջ առաջընթացի»՝ իրենց տնտեսական խնդիրների լուծման հարցում:
Նա ընդունել է, որ որոշ ժամանակ աճի տեմպերը կմնան անփոփոխ: Միաժամանակ նշել է, որ այս ճգնաժամը լուրջ հարված էր ԱՄՆ-ի տնտեսությանը, և ԱՄՆ-ը հետաքրքրված է խնդրի դրական և արագ լուծմամբ:
Գայթները բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի դերը: «Ես հույս ունեմ, որ ԱՄՀ-ն կկարողանա օգնել Եվրոպային մոբիլիզացնել սեփական ռեսուրսները՝ ճգնաժամից դուրս գալու համար»:










































