Քաղցկեղից մահացած շվեդ թոշակառուին պատկանող շանն արգելել են մասնակցել հանգուցյալ տիրոջ հոգեհանգստի արարողությանը: Ինչպես գրում է The Local-ը, շանը Վիլլի Թերնին հրաժեշտ տալ արգելել է Հելսինբորգ քաղաքի եկեղեցականը, որտեղ և տեղի է ունեցել թոշակառուի հոգեհանգստի արարողությունը:
Թերնի այրու խոսքով` իր ամուսինը շատ կցանկանար, որ Միլո անունով շունը ներկա լիներ իր հոգեհանգստին: «Մենք երեխաներ չենք ունեցել, այդ պատճառով էլ մեր շներին վերաբերվել ենք որպես փոքրիկ տղաների ու աղջիկների»,- ասել է շվեդուհին:
Լրագրողների հետ հանդիպմանը կինը պատմել է, որ մինչ արարողությունը ցանկացել է եկեղեցուց ստանալ շանը եկեղեցի տանելու թույլտվություն, սակայն մերժվել է: Անձամբ հոգևորականը հայտարարել է, որ որոշում ընդունելիս առաջնորդվել է հավատացյալների շահերի պաշտպանությամբ, քանի որ նրանք կարող է ալերգիա ունենալ շների նկատմամբ: Նա այրուն առաջարկել է, որ շունը տիրոջը հրաժեշտ տա կամ եկեղեցուց առաջ կամ հետո: Հայտնի չէ, թե ինչպես է վարվել կինը:









































