Ամերիկացի ոստիկանները Միչիգան լիճն ընկած 45-ամյա կնոջը փրկելու աշխատանքներ են իրականացրել:
Ինչպես տեղեկացնում է South Bend Tribune-ը, Բենտոն-Հարբոր քաղաքի բնակչուհին` Բոնի Միլլերը, ջրում է հայտնվել` ընկնելով ծովապատնեշից:
Նա կլանված sms հաղորդագրություն է գրել և չի նկատել, թե ինչպես է մոտեցել ծովապատնեշի ծայրին:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան՝ մարտի 19-ին:
Միլլերի` լիճը ընկնելուն նպաստել է ոչ միայն այն հանգամանքը, որ նա կլանված է եղել sms հաղորդագրությամբ, այլ նաև այն, որ դրսում արդեն մութ է եղել, և կինը չի կարողացել գնահատել ծովապատնեշի լայնությունը:
CNN-ը նշում է, որ ընկնելու պահին Միլլերի կողքին են եղել նրա 15-ամյա որդին և ամուսինը: Սակայն կնոջն օգնության է հասել այդ պահին պատահաբար լճի կողքով անցնող մի կին՝ Ռեբեկա վան Զանտը: Վերջինս նետվել է ջուրը և օգնել Միլլերին՝ նախքան դեպքի վայր կժամաներ տեղի ոստիկանությունը:
Իրավապահ մարմինները նրանց փրկօղակ են նետել, և շուտով երկուսն էլ հայտնվել են ցամաքում:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Իսրայելում մի մուսուլման կնոջից բաժանվել է sms հաղորդագրությամբ:








































