Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ Կալիֆոռնիայի բանտերի մենախցերում պահվող դատապարտյալների անունից դիմել են ՄԱԿ-ին: Դիմումի տեքստը տեղադրված է Մարդու իրավունքների պաշտպանության և սահմանադրական իրավունքի կենտրոնի (Center for Human Rights and Constitutional Law) կայքում:
Փաստաթուղթն ուղարկվել է ՄԱԿ-ի՝ կամայական ձերբակալությունների աշխատանքային խմբին: Դիմումում նշվում է, որ մենախցերում անժամկետ կամ երկարաժամկետ պահվում է ավելի քան 4000 մարդ: Փաստաթղթում նշվում է, որ դրա համար հիմք է ծառայում այն հանգամանքը, որ նրանք համարվում են ավազակախմբերի անդամներ կամ այդ խմբերի հետ կապ ունեցող հանցագործներ: Ընդ որում՝ իրավապաշտպանները նշել են, որ մարդկանց կարող են մենախցերում պահել անկախ այն բանից, որ նրանք ոչ մի հանցանք չեն գործել: Փաստաթղթում նշվում է, որ որոշ բանտարկյալներ այնտեղ անցկացնում են տասնամյակներ:
Իրավապաշտպանները ենթադրում են, որ բանտարկյալների մի մասը մենախցում է հայտնվել հացադուլ հայտարարելու համար: Կազմակերպության կայքում նշվում է, որ մենախցերում պահվող հանցագործներն ապրում են ինչպես «ԳՈւԼԱԳ-ի աքսորյալներ»:
Իրավապաշտպանների կարծիքով՝ բանտարկյալների նկատմամբ այդպիսի վերաբերմունքը հակասում է մարդու իրավունքների միջազգային նորմերին: Դիմումում նշվում են նաև մարդու իրավունքների խախտման այլ դեպքեր: Խոսքը, մասնավորապես, հսկիչների դաժանությունների, վատ սննդի և ոչ բավարար բժշկական օգնության մասին է:
Կալիֆոռնիայի բանտերում տիրող իրավիճակը առաջին անգամ չէ, որ ուշադրություն է հրավիրում: 2011թ. աշնանը 12 հազար բանտարկյալներ հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով բարելավել իրենց պայմանները:









































