Եվրահանձնաժողովը վերջնագիր է ներկայացրել Գերմանիային՝ այն պատճառով, որ երկրում այդպես էլ չի ընդունվել հեռահաղորդակցության տվյալների պահպանության մասին օրենքը: Այս մասին գրում է Suddeutsche Zeitung-ը:
Թերթի տվյալներով` Եվրահանձնաժողովը պահանջում է ընդունել այդ օրենքը մեկ ամսվա ընթացքում, հակառակ պարագայում կդիմի ԵՄ դատարան: Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեղավոր ճանաչվի համաեվրոպական քաղաքականությունը խախտելու մեջ, ապա կտուգանվի:
Հեռահաղորդակցության տվյալների պահպանության մասին օրենքը Գերմանիան պետք է ընդուներ դեռ 2011թ. դեկտեմբերի 27-ին, սակայն իշխող կոալիցիան չկարողացավ համաձայնության գալ հարցի վերաբերյալ:
Օրենքի հակառակորդները կարծում են, որ տվյալների պահպանությունը վտանգում է քաղաքացիների անձնական կյանքի կոնֆիդենցիալությունը: Օրենքի կողմնակիցները, սակայն, պնդում են, որ այն թույլ կտա արդյունավետ պայքարել հանցավորության դեմ:
2006-ից Բրյուսելը պահանջում է, որ հեռահաղորդակցության տվյալները պահվեն նվազագույնը կես տարի, առավելագույնը` 2 տարի:






































