Հայաստանում այսօր 30 վթարային դպրոց կա, ևս 300-ը գտնվում են վերանորոգման փուլում. պետությունը, սակայն, չունի ֆինանսական անհրաժեշտ միջոցներ՝ ավարտելու դրանց շինարարական աշխատանքները: ԱԺ-ում կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ժառանգական պատգամավոր Անահիտ Բախշյանի դիտարկումներին, որ մարզերում կան կրթօջախներ, ուր նույնիսկ «շունը չի մտնի»:
«Չի կարելի ամեն օր խոսել վթարային դպրոցների մասին: Կարծում եմ՝ սա այն հարցը չէ, որի շուրջ մենք այստեղ պետք է խոսենք: Միաժամանակ, կառավարությունը քայլ առ քայլ գնում է առաջ՝ փորձելով լուծել խնդիրը»,- վստահեցրեց նա:









































