Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Ազգային-դեմոկրատական ինստիտուտը (NDI) մի շարք կարևոր խնդիրների շուրջ հարցախույզ է անցկացրել Վրաստանում: Այն անցկացվել է փետրվարի 22-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել է 3161 մարդ:
Հարցախույզների մասնակիցներից 49 տոկոսը կարծում է, որ Վրաստանը ժողովրդավար երկիր է, 34 տոկոսը համաձայն չէ դրա հետ: 70 տոկոսը կողմ է ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի քաղաքացիության վերականգնմանը, դրան դեմ է արտահայտվել 8 տոկոսը: 87 տոկոսը տեղյակ է, որ Իվանիշվիլիին զրկել են Վրաստանի քաղաքացիությունից:
53 տոկոսը համաձայն է, որ Վրաստանի պաշտպանունակության մակարդակը բարձրացվի ԱՄՆ-ի կողմից, 18 տոկոսի համար դա անընդունելի է, իսկ 28 տոկոսն էլ չեն կարողացել պատասխանել այդ հարցին:
84 տոկոսը տեղյակ է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Լազիկա անունով նոր քաղաք կառուցելու մտադրության մասին, 59 տոկոսն աջակցում է դրան, իսկ 27 տոկոսը՝ ոչ: 14 տոկոսը դժվարացել է պատասխանել դրան:
Վրաստանի համար երեք ամենակարևոր բարեփոխումների մասին հարցին ի պատասխան 45 տոկոսը նշել է առողջապահությունը, 39 տոկոսը՝ գյուղատնտեսությունը, 28 տոկոսը՝ կենսաթոշակային բարեփոխումները:
Առաջիկա 6 ամիսներին զգալի բարեփոխումներ իրագործելու հարցին 18 տոկոսը բացասական պատասխան է տվել, իսկ 39 տոկոսը դժվարացել է պատասխանել:










































