Նախընտրական ցուցակները կազմվել են ոչ ոքի չնեղացնելու սկզբունքով, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ իրավաբան Մերի Խաչատրյանը` անդրադառնալով քաղաքական կուսակցությունների հրապարակած նախընտրական ցուցակներին:
Նա նշեց, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: «Եթե ցուցակներում ընդգրկվածներից շատերը, որպես քաղաքական ու հասարակական գործիչներ, այսօր չեն բարձրաձայնում մարդու իրավունքների խախտումների ու բնապահպանական խնդիրների մասին, ապա գալով ՀՀ ազգային ժողով՝ նրանք հաստատ ժամանակ չեն գտնի կենտրոնանալ այդ հարցերի վրա: Հայ պատգամավորների մեծ մասի մոտ ընդունված է առաջին հերթին հիմք ընդունել իրենց կուսակցության շահերն ու հետաքրքրությունները, այնուհետև` նեղ շրջանակի մարդկանց` իրենց բարեկամների ու ընկերների, իսկ ամենավերջում` ժողովրդի»,- մեկնաբանեց Մերի Խաչատրյանը`հավելելով, որ մեծ հույսեր չի կապում նոր ձևավորվող օրենսդիր մարմնի հետ, քանզի ցուցակում տեսնում է այնպիսի մարդկանց, որոնք ժամանակին պաշտոնանկ են արվել իրենց վատ վարքագծի ու պահվածքի համար կամ մերժված են հասարակության կողմից:










































