Մոսկվան Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին քաղաքական ապաստան չի առաջարկում Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Коммерсант FM ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:
«Ոչ ոք նրան Մոսկվա չի հրավիրում»,- հայտարարել է նախարարը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ավելի լավ չէ՞, որ Ասադը հրաժարական տա և հեռանա Մոսկվա, քան թե հետո հայտնվի Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կարգավիճակում:
«Միգուցե դա այդպես լինի, բայց դա պետք է որոշի Բաշար Ալ-Ասադը: Եվ դա նա կորոշի ոչ թե նրա համար, որ ինչ–որ մեկը Ռուսաստանից կխնդրի նրան անել դա»,-նշել է Լավրովը:
Լավրովը նանշել է, որ այսօր շատ արևմտյան մայրաքաղաքներ խոսում են Ալ-Ասադի մասին` որպես ռազմական հանցագործի, հայտարարելով, որ նրա տեղը Հաագայում է և Միջազգային տրիբունալում: «Այդ դեպքում ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր հանդես են գալիս նման հայտարարություններով, պետք է Սիրիայի նախագահին բացատրեն, թե ինչ հնարավորություններ ինքն ունի»,– հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ըստ նախարարի՝ ՆԱՏՕ-ի, Եվրամիության և առանձին արևմտյան պետությունների ներկայացուցիչները սիրիական իրավիճակը համարում են կիսով չափ անելանելի, բայց դրա հետ մեկտեղ՝ նրանք չեն ցանկանում նրանց, ովքեր լսում են իրենց, նստեցնել բանակցության սեղանի շուրջ:
Լավրովը կրկին անգամ հիշեցրել է, որ Ռուսաստանը չի արդարացնում սիրիական ղեկավարությանը:
«Սիրիական ղեկավարությունը, չնայած խոստումներին՝ ի պատասխան մեր բազում կոչերի, շատ սխալներ է թույլ տալիս: Իսկ այն քայլերը, որոնք գնում են ճիշտ ուղղությամբ, ուշ են ձեռնարկվում: Ցավոք սրտի, դա նպաստել է նրան, որ կոնֆլիկտը հասնի լարված փուլի»,- ասել է Լավրովը:









































