Իրաքում մոտ 10 ամիս պատանդ պահված ամերիկացին ազատ է արձակվել և այժմ գտնվում է Բաղադում ԱՄՆ դեսպանատանը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ապշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Մենք կարող ենք հաստատել, որ մարտի 17-ին ԱՄՆ քաղաքացի Ռենդի Մայքլ Հալցը Բաղդադում ՄԱԿ-ի աշխատակիցների կողմից ուղարկվել է ԱՄՆ դեսպանատուն»,- ասել է Նուլանդը, որի խոսքերը մեջբերում է CNN-ը:
Նուլանդի խոսքերով՝ Հալցը կառավարական ծառայող չէ և Իրաքում զբաղվել է մասնավոր բիզնեսով: Այժմ նրան ցուցաբերվում է խորհրդատվական և բժշկական օգնություն:
Նուլանդը խոստովանել է, որ իրենց մի փոքր անհանգստացում է կատարվածի հանգամանքները՝ հաշվի առնելով, որ Հալցը, մեկնելով Իրաք, չի ներկայացել դեսպանատուն, ինչպես սովորաբար արվում է:
«Այնպես որ, մենք ոչ մի տեղեկատվություն չունեինք նրա գտնվելու վայրի մասին: Նա նախընտրել է մեզ հետ կապ չհաստատել,- ասել է Նուլանդը:- Նրա բարեկամներից ոչ ոք նույնպես մեզ չի դիմել»:
Ռենդի Մայքլ Հալցը, որը մոտ 9 ամիս պատանդ է պահվել ծայրահեղ շիա իմամ Մուկթադա Ալ-Սադրի զինյալների մոտ, ազատ է արձակվել շաբաթ օրը՝ մարտի 17-ին: Զինյալները նշել են, որ նրան ազատ են արձակում մարդասիրական նկատառումներով՝ առանց փրկագին կամ այլ բան պահանջելու:









































