Աշխարհում կրոնի ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը խորհուրդ է տվել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին 16 երկրների ընդգրկել դավանանքի ազատության հարցում մարդու իրավունքները խախտողների ցուցակում: Հանձնաժողովի ամենամյա զեկույցում նշվում է, որ ցուցակում առաջին անգամ հայտնվել են Տաջիկստանը և Թուրքիան: Փաստաթուղթը պաշտոնապես կհրապարակվի այսօր, սակայն նախօրոք այն հայտնվել է Associated Press-ի տրամադրության տակ:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանն միանգամայն անարդարացի է համարել այդ փաստաթուղթը:
Տաջիկստանից և Թուրքիայից բացի՝ «պարբերաբար և ակնհայտորեն» դավանանքի ազատությունը խախտող երկրների ցուցակում են հայտնվել Վիետնամը, Եգիպտոսը, Իրաքը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը, Մյանմարը, Նիգերիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Թուրքմենստանը, Ուզբեսկտանը և Էրիթրեան:
Մի շարք պետություններ, զեկույցի հեղինակների կարծիքով, «մեծ ուշադրություն» են պահանջում՝ կապված դավանանքի ազատության ոլորտում տիրող իրավիճակի հետ:
Բացի այս 16 երկրներից՝ ցուցակի մեջ են հայտնվել Ռուսաստանը, Աֆղանստանը, Բելառուսը, Վենեսուելան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Կուբան, Լաոսը և Սոմալին:
Կրոնի ազատության հարցում Հանձնաժողովի եզրակացությունները ԱՄՆ վարչակազմի համար կրում են խորհրդատվական բնույթ: Պետքարտուղարությունն ամեն տարի կազմում է դավանանքի ազատությունը խախտողների սեփական ցուցակը, որը, որպես կանոն ավելի կարճ է լինում, քան հանձնաժողվոի զեկույցը: Սակայն պետքարտուղարության ցուցակում հայտնված երկրների դեմ կարող են սահմանվել պատժամիջոցներ:
Անկախ երկկուսակցական հանձնաժողովը ստեղծվել է 1998 թ., աշխարհում կրոնի ազատության մասին օրենքին համապատասխան, և այդ ժամանակից սկսած՝ ամեն տարի առաջարկություններ է անում ԱՄՆ պետքարտուղարությանը:







































