Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շարունակում է մնալ Իտալիայի ամենահարուստ քաղաքական գործիչը. նա ունի ավելի քան 48 մլն դոլար տարեկան շահույթ: Այս տեղեկությունները հրապարակել են իտալական լրատվամիջոցները:
Այս տարի Բեռլուսկոնիի եկամուտն անցած տարվա համեմատ աճել է 17 %-ով և հասել է 48,180 մլն եվրոյի: Մեկ տարի առաջ այն կազմում էր 40,897 միլիոն եվրո:
Դեկլարացիայում նշվում է, որ Բեռլուսկոնին ձեռք չի բերել ավտոմեքենաներ, նավեր և ընկերությունների բաժնետոմսեր:
Ինչ վերաբերում է անշարժ գույքին, ապա նրա անձնական տվյալներում նշվում է իտալական Լամպեդուզա կղզում գտնվող առանձնատունը, որը նախկին վարչապետը ձեռք է բերել անցած տարի: Այդ ժամանակ կղզում արտակարգ իրավիճակ էր հայտարարվել՝ Հյուսիսային Աֆրիկայից եկած մեծ թվով ներգաղթյալների պատճառով:
Բացի այդ, Բեռլուսկոնիին են պատկանում Միլանում հինգ բնակարաններ, երկու ավտոտեխսպասարկման կայաններ, ինչպես նաև՝ Լեզա քաղաքում և Անտինգուա կղզում գտնվող մի շարք անշարժ գույքեր:
Իտալիայի ներկայիս վարչապետ Մարիո Մոնտիի եկամուտները մի քանի անգամ ավելի քիչ են, քան նախկին վարչապետինը: Ինչպես հետևում է վարչապետի անձնական տվյալներից, 2011 թ. նրա եկամուտները կազմում էին 1,515 մլն եվրո: Այս տվյալներով՝ նա հանդիսանում է ամենահարուստ ցմահ սենատորը:
Ցմահ սենատորը պատվավոր պաշտոն է Իտալիայի Սենատում: Իտալիայի օրենսդրությամբ` ցմահ սենատոր կարող են դառնալ միայն հանրապետության նախկին նախագահները:
Բացի այդ, երկրի նախագահն այդ պատվին կարող է արժանացնել հինգ քաղաքացիների, որոնք բարձր են պահել երկրի պատիվը գիտության, մշակույթի, գրականության և հասարակական գործունեության ասպարեզում:









































